Հատիս հրաբուխը բնության հատուկ պահպանվող տարածք է՝ երկրաբանական հուշարձան: Այն Հայաստանի բնության հուշարձանների ցանկում որպես «գիտական, պատմամշակութային եւ գեղագիտական առանձնահատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտ» ներառվել է 2008 թվականին կառավարության համապատասխան որոշմամբ: «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» (ԲՀՊՏ) ՀՀ օրենքով մեր երկրում ԲՀՊՏ-ները դասակարգվում են ըստ նշանակության եւ կատեգորիայի: Ըստ այդմ ունենք պետական արգելոց, ազգային պարկ, պետական արգելավայր եւ բնության հուշարձան կատեգորիաները:
Նույն օրենքով. «Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը»:
Հետեւապես Հիսուսի արձանի տեղադրումը Հատիսի գագաթին հակասում է ԲՀՊՏ-ների մասին օրենքին: Սակայն ԲՀՊՏ-ների վրա բացասական մարդածին ներգործությունը նվազեցնելու նպատակով կառավարությունը պետք է սահմանի պահպանման գոտի: Բնության հուշարձանների դեպքում այդ գոտին սահմանվում է անձնագրով, որը Հատիս հրաբուխը չունի, բայց սա չի նշանակում, որ օրենքն այս դեպքում կարելի է անտեսել:
«Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրումը Հատիսի գագաթին հակասում է նաեւ հուշարձանների պահպանության օրենսդրությանը: «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքով «Հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական, գյուղատնտեսական եւ այլ կարգի աշխատանքների համար հողի հատկացումները, կառուցապատման, ինժեներատրանսպորտային հաղորդակցության ուղիների նախագծերը սահմանված կարգով համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ»: Մինչդեռ, ինչպես տեղեկացանք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարության պարզաբանումից, նշված մոնումենտալ արձանի տեղադրման որեւէ նախագիծ լիազոր մարմինը չի ստացել:
«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման եւ օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման 33-րդ կետով հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է հուշարձանի նպատակային օգտագործմանը չհամապատասխանող շինարարական, գյուղատնտեսական եւ այլ աշխատանքների կատարումը, ինչպես նաեւ տնտեսական եւ արտադրական գործունեությունը: Այդ տարածքում կարող են կատարվել միայն հուշարձանի ուսումնասիրման, պահպանման, թանգարանացման եւ ցուցադրության կազմակերպման, ինչպես նաեւ հուշարձանի նպատակային օգտագործմանը նպաստող վերականգնողական եւ նորոգման աշխատանքներ:
Հետաքննող լրագրողների ընկերակցությունը տեղեկություն է տարածել, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սեփականության իրավունքով տարբեր տարիների ձեռք է բերել Հատիս լեռան վրա գտնվող ինը հողակտոր։ Հետաքննող լրագրողները հողակտորների կադաստրային կոորդինատները համադրել են արբանյակային լուսանկարների հետ ու պարզել, որ դրանք անմիջապես Հատիս լեռան գագաթին են։ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ձեռք բերած հողակտորները ներառում են նաեւ Հատիսի բերդ կոչվող հնագիտական վայրը։
Նշենք, որ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքով հուշարձանի սեփականատերը պարտավոր է ապահովել հուշարձանի պահպանությունն ու անվթարությունը, մատչելիությունն ուսումնասիրման եւ պահպանության վերահսկման համար, կատարել հուշարձանի ամրակայման, նորոգման, վերականգնման եւ տարածքի բարեկարգման աշխատանքներ` դրանց նախագծերը նախապես համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ եւ այլն:
Ինչպես արդեն գիտենք, Հատիս լեռան փեշերին պատմության եւ մշակույթի պետական ցուցակում գրանցված շուրջ քսան՝ տարբեր դարաշրջաններով թվագրվող հուշարձաններ կան, ինչպես նաեւ նոր հայտնաբերված հնավայր-ամրոց:
«Առանց սարսուռի հնարավոր չէ նայել Հատիսի ավերումները, որ արվում են հայաստանյան իշխանությունների համաձայնությամբ ու թողտվությամբ։
Սա մշակութային ժառանգության պահպանության հայաստանյան օրենսդրության կոպտագույն խախտում է»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Հիսուսի ավերումը» վերտառությամբ գրառման մեջ նշել է պատմաբան, հնագետ, մշակութաբան Համլետ Պետրոսյանը:
Եթե հետեւենք Գագիկ Ծառուկյանի «Հիսուս Քրիստոս» արձանի մեկնարկեքի միջոցառման ժամանակ հնչած հայտարարություններին, այստեղ բացի մոնումենտալ կառույցի տեղադրումից նախատեսում են նաեւ սննդի եւ ժամանցի, գիշերակացի օբյեկտներ՝ իրենց ենթակառուցվածնքերով: Ինչը նշանակում է, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ անհրաժեշտ էր փորձաքննության ներկայացնել համալիր նախագիծ: 1500 քմ կառուցապատման մակերեսը գերազանցելու դեպքում նախատեսվող գործունեությունը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության» մասին օրենքով ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության:
Մի խումբ մասնագետներ եւ քաղաքացիներ, որոնք նախկինում քննադատում էին նման հուշարձան տեղադրելու գաղափարը, այսօր չափազանց մտահոգ են, քանզի գործընթացը փաստացի մեկնարկել է՝ անտեսելով բոլոր գրված ու չգրված օրենքները:
Զբոսավար, «Միհր վոյաժ» զբոսաշրջային եւ մշակութային ընկերության համահիմնադիր Կարինե Փանոսյանը եւս դեմ է Հատիսի ոչնչացմանը՝ արձանի կանգնեցման հաշվին. «Սա մեր մշակույթի ոտնահարմանն ուղղված հերթական անհեռատես ու անհավասարակշիռ քայլն է։ Ափսոս, որ դեռ չենք հասկանում, թե ինչ ժառանգություն ենք ոչնչացնում հանուն անձերի փառաբանման կեղծ արժեքների»:
«Երբ մարդկանց մտքով անցնում է Հատիս լեռան գագաթին Քրիստոսի հսկայական արձան դնել, դրանով նրանք փչացնում են ե՛ւ բնությունը, ե՛ւ քրիստոնեության գաղափարախոսությունը»,- նշել է Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանը։
Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիան հանդես է եկել հայտարարությամբ, քաղաքացիական հասարակությունը էլեկտրոնային ստորագրահավաք է մեկնարկել, որին արդեն շուրջ 1000 քաղաքացի է միացել:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։