Նիկոլ Փաշինյան-Ռեջեփ Թայիփ Էրդողան հեռախոսազրույցն առաջինն էր Հայաստանի վարչապետի պաշտոնավարման այս ընթացքում, սակայն աննախադեպ չէր:
Հայաստանի նախկին նախագահները եւս շփումներ ունեցել են Թուրքիայի իրենց պաշտոնակիցների հետ: Վերջին «կենդանի» շփումը 2011-ին էր, երբ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւը միասին հեռախոսազրույց էին ունեցել Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Աբդուլահ Գյուլի հետ: Անգամ Սարգսյանը Թուրքիայում երկրաշարժի կապակցությամբ օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն էր հայտնել: Դրանից հետո եւս երկու տարի նա շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։ Գյուլն էլ իր հերթին էր շնորհավորել ՀՀ Անկախության օրը: Սակայն 2014-ին Էրդողանի՝ իշխանության գալուց հետո դադարեցին անգամ այս մակարդակով շփումները։
Երեկվա հեռախոսազրույցի հիմնական թեման եղել է երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «Ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարեւորությունը, ինչը կնպաստի նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը»։
Կհաջողվի՞ կարգավորել հայ-թուրքական հարաբերություններն ու բացել սահմանը, ցույց կտա ժամանակը: Ենթադրություններ անելը դեռեւս վաղաժամ է, մանավանդ որ այս գործընթացի խոչընդոտները քիչ չեն։
Մինչ այդ նկատենք, որ Հայաստանն ու Թուրքիան, չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանն ու փակ սահմաններին, այնուամենայնիվ առեւտուր անում են, բայց առեւտրաշրջանառության տեսակարար կշիռը փոքր է՝ մոտ 3,5 տոկոս։
Հայաստանը Թուրքիայից հիմնականում վերջնական սպառման՝ պատրաստի ապրանք է ներմուծում։ Մինչդեռ արտահանման ծավալները բավական քիչ են: Սա գերազանցապես պայմանավորված է նաեւ այդ երկրի մաքսային կագավորումներով. նրանք անուղղակիորեն արգելել են հայկական արտադրատեսակների մուտքը շուկա: Հայաստանից արտահանվել է հիմնականում անմշակ մորթի, դաբաղած կաշի, գազավորված ջուր, թանկարժեք ժամացույցներ, ոսկերչական իրեր։
Թուրքիայի հետ Հայաստանի առեւտրաշրջանառության եւ հատկապես արտահանման ծավալներն ավելացել են 2018 թվականից: Եթե 2017-ին Թուրքիա արտահանվել է 984,3 հազար դոլարի ապրանք, ապա 2018-ին արտահանման ծավալները հասել են մոտ 2.5 մլն դոլարի։
Քառասունչորսօրյա պատերազմի օրերին Կառավարության որոշմամբ Հայաստանում մոտ մեկ տարի արգելված էր Թուրքիայից ապրանքների ներմուծումը, եւ այդ սահմանափակումը հանվեց 2021-ի դեկտեմբերին: Հավանաբար 44-օրյա պատերազմով է պայմանավորված նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ վիճակագրական կոմիտեն Թուրքիայի հետ Հայաստանի առեւտրաշրջանառության տվյալներն այլեւս առանձին տողով չի հրապարակում. այդ երկրի անվանումը վիճակագրական կոմիտեի ցանկում կարելի է հանդիպել մինչեւ 2020 թվականը, սակայն տվյալներ կարելի է ստանալ ՀՀ ՊԵԿ-ից:
2017-ին Թուրքիա արտահանվել է 984,3 հազար, ներկրվել 228 մլն 362,3 հազար դոլարին համարժեք ապրանք: 2018-ին արտահանման ծավալները հասել են շուրջ 2.5 մլն դոլարի, իսկ ներկրումները՝ 225 մլն 314.5 մլն դոլարի:
2020-ին արտահանումը կտրուկ նվազել է՝ հասնելով 500 հազար դոլարի, 2021-ին՝ 443.6 հազար դոլարի: Իսկ ներկրումների ցուցանիշը 2021-ին եղել է 73 մլն դոլար՝ մոտ 67.8 տոկոսով պակաս, քան նախորդ տարի:
Կհասնե՞նք արդյոք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, եւ դրանից հետո ի՞նչ ծավալ կունենա հարեւան երկու պետությունների միջեւ առեւտրաշրջանառությունը, ցույց կտա ժամանակը: Հայաստանի տնտեսության վրա հայ-թուրքական սահմանի բացման ազդեցությունների վերաբերյալ տեսակետները տարբեր են։ Ամեն դեպքում աշխարհի բոլոր նորմալ պետությունների արտաքին տնտեսական կապերի մեծ մասը բաժին է ընկնում նրանց անմիջական հարեւաններին։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: