Մադրիդում հուշագրի ստորագրումից հետո Շվեդիան 10 հոգուց բաղկացած ցուցակ է կազմել՝ Անկարային արտահանձնելու համար, որոնք ըստ թուրքական կողմի՝ կապ ունեն Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) հետ:
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը դեռ մարտին հայտարարել էր, որ իրենք Շվեդիային եւ Ֆինլանդիային գրավոր պահանջ են ուղարկել՝ PKK-ի եւ գյուլենական համայնքի 33 ենթադրյալ անդամներին արտահանձնելու վերաբերյալ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, թե Շվեդիան խոստացել է արտահանձնել 73 անձի, որոնք Թուրքիայում մեղադրվում են ահաբեկչության համար, ինչի դիմաց Անկարան համաձայնել է աջակցել ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցությանը:
Հուլիսի սկզբին պաշտոնական Ստոկհոլմը հայտարարել էր, որ ենթադրյալ քուրդ զինյալների ու հեղաշրջման կազմակերպման կասկածյալներին Թուրքիա արտահանձնելու վերաբերյալ ցանկացած որոշում կընդունեն անկախ դատարանները։
Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն նույնպես հայտարարել էր, որ երկիրը մտադիր չի արտահանձնել իր քաղաքացիներին։ «Հելսինկին չի կարող իր քաղաքացիներին այլ երկրների արտահանձնել, որտեղ նրանց մահապատիժ կամ խոշտանգումներ է սպառնում»,- ասել էր Հաավիստոն։
Էրդողանը Մադրիդում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում զգուշացրել էր, որ եթե եռակողմ հայտարարության դրույթներն իրականացվեն, ապա սկանդինավյան երկու երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին կհայտվի հարցականի տակ, քանի որ Թուրքիան կարող է օգտագործել իր վետոյի իրավունքը։
Ավելի վաղ՝ հարցին՝ ինչ կպատահի, եթե Ֆինլանդիան եւ Շվեդիան հնարավոր անդամակցությունից հետո համաձայնագրի կետերը չկատարեն, Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան իր հարցերը ինքնուրույն է լուծելու։ «Եթե այդ երկրները տեր չկանգնեն իրենց խոսքին, մենք էլ կանենք մեր համապատասխան քայլերը»,- շեշտել էր Չավուշօղլուն: