Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը ուղերձ է հրապարակել Հայաստանի վարչապետ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի հեռախոսազրույցի առիթով: Մաշալյանը հեռախոսազրույցը «մի տոնական նվեր» է համարել, որն, ըստ նրա, «վերստին բորբոքել է պատերազմի լուրերով պատված մեր աշխարհի խաղաղության հույսերը»:
Պոլսո Հայոց պատրիարքն աղոթել է, որ հաղթեն դիվանագիտության խաղաղ մեթոդները, ոչ թե զենքերը, պատերազմներն ու մահերը: Նա հույս է հայտնել, որ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը կօգնի թուրք-հայկական հազարամյա հարաբերություններում բարեկամության նոր էջ բացելուն:
«Մենք պէտք չէ այդքան միամիտ ըլլանք, սեղանի վրայ միայն Հայաստան եւ Թուրքիա չկայ, աներեւոյթ կերպով Ռուսաստանը եւ Ազրպէյճանն ալ սեղանի վրայ են։ Հետեւաբար այս յարաբերութիւնները, ինչպէս ըսենք, ուրիշ ազդակներէն կախեալ են։ Ամբողջ շրջանի վերաբերող մէկ փաթեթով խաղաղութիւն կարելի է մտածել, մեր աղօթքը այն է, որ այդ թող ըլլայ»,- դեռես գարնանը հատուկ «Ալիք Մեդիա»-ին տված բացառիկ հարցազրույցում ընդգծել էր Պոլսո Հայոց պատրիարքը: