Հուլիսի 11-ին «Թուֆենքյան» հյուրանոցի սրահում ներկայացվեց հասարակական, քաղաքական եւ պետական գործիչ Դավիթ Մաթեւոսյանի հրապարակախոսության, հուշերի եւ արձակի «Խաղաղության հավատամքով» ժողովածուն։
Մաթեւոսյանի գրավոր եւ բանավոր ժառանգությունը հավաքել եւ համակարգել են Դավիթ Տեր-Պետրոսյանը, Թեւոս Մաթեւոսյանը, Արման Մուսինյանը եւ Մարիամ Ծատրյանը։ Խմբագիրն Աշոտ Սարգսյանն է։ Գիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը։
Դավիթ Մաթեւոսյանն այն գործիչներից էր, որը եղել է անկախության պայքարի եւ պետականակերտման գրեթե բոլոր ճակատներում՝ կամավոր-ինքնապաշտպանությունից իրավապահ համակարգ, փոխմարզպետի պաշտոնից Ազգային ժողով, քաղաքացիական շարժումներից քաղաքական հալածանք ու բանտարկություն։
Դավիթը մեկն էր փոքրաթիվ այն մարդկանցից, որոնք, հասարակական կարծր եւ անզիջում կարծիքն արհամարհելով, մշտապես խոսել են խաղաղության անհրաժեշտության մասին։
«Եզակիներից էր Դավիթը ազատամարտիկների մեջ, գուցեեւ միակը, որի համար հակառակորդը երբեք թշնամի չդարձավ, այլ մնաց մարդ, ժողովուրդ, հարեւան»,- գրքի առաջաբանում գրում է խմբագիրը։
Դավիթ Մաթեւոսյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 23-ին հայրենի Մեղրիի սահմանները պաշտպանելիս՝ մինչեւ ողբերգական վախճանը հարազատ մնալով խաղաղության իր հավատամքին։ Տեսնելով 44-օրյա պատերազմի արհավիրքը, հակառակորդի ահռելի առավելությունն ու ռազմական ներուժի անհավասարակշռությունը՝ հոկտեմբերի սկզբին նա վարչապետ Փաշինյանին այսպիսի մի գրություն էր ուղարկել. «Իմ տեղեկություններով եւ վերլուծությամբ՝ «սրբազան», «հայրենական» պատերազմը տանուլ ես տալիս։ Քանի դեռ ուշ չէ, անձամբ վերցրո՛ւ պատասխանատվությունը, րոպե առաջ գնա՛ քաղաքական լուծման։ Վստա՛հ եղիր՝ ժողովուրդը քեզ կաջակցի ու կգնահատի»։
Գիրքը ներկայացրեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ ընդգծելով Մաթեւոսյանի նվիրվածությունն ու պատասխանատվությունը երկրի ապագայի հանդեպ. «Երբեք չէր հարցնում, թե ի՜նչ կարող է տալ երկիրն իրեն, այլ միշտ ինքն իրեն հարցնում էր՝ էլ ի՜նչ կարող է տալ հայրենիքին, որին ծառայում էր նաեւ որպես շնորհալի գրող եւ հրապարակախոս»։
Մեր նորագույն պատմության ճիշտ ընկալման եւ գնահատման գործում կարեւոր նշանակություն ունեցող այս վավերագրության մասին խոսք ասացին գրքի խմբագիր Աշոտ Սարգսյանը, Դավիթ Մաթեւոսյանի որդին՝ Թեւոս Մաթեւոսյանը, եւ «Ալիք Մեդիա» կայքի խմբագիր Տիգրան Պասկեւիչյանը։ Վերջինս խոստացավ առաջիկայում գրախոսական հոդվածով անդրադառնալ ժողովածուին։