Գագիկ Ծառուկյանը երեկ փորձել է փրկել եկեղեցու դեմքը։ Նա ասել է, որ իր Քրիստոսի արձանը եկեղեցական կառույց չէ։ Այսինքն՝ եկեղեցուն հասկացնում է՝ էս կռվի մեջ չմտնես։ Թող հասարակության հետ կռվեմ, մեկ է, վերջում դու ես շահելու, որովհետեւ արձանը լինելու է Քրիստոսինը, իսկ Քրիստոսին «կերցնելու» գործի շահառուն դու ես։
Խորամանկ է մեր օլիգարխը։
Իրականում հավատացյալ հոտը կարող է շուռ գալ եկեղեցու դեմ։ Ինչպե՞ս։ Մտնում ես եկեղեցի, բազմաթիվ նկարներ կան՝ Քրիստոսի ու նրա մոր, բազմաթիվ առաքյալների պատկերներով։ Ծառուկյանի ասածից ենթադրվում է, որ այդ նկարները նույնպես եկեղեցական նկարներ չեն։ Որովհետեւ ի՞նչ տարբերություն, թե որտեղ է կանգնեցվում կամ դրվում Քրիստոսի արձանը կամ պատկերը։
Նա, իհարկե, ճիշտ է, երբ ասում է, որ իր Քրիստոսի արձանը եկեղեցական կառույց չէ։ Բայց ուզում է ասել, որ իր Քրիստոսը հենց բնօրինակ Քրիստոսն է, ուղղակի եկեղեցու հետ կապ չունի։ Այսինքն՝ արձանի բազմաթիվ նախագծերից մարդը հենց այս մեկի մեջ է ճանաչել Հիսուս Քրիստոսին, այն էլ այն պատճառով նաեւ, որ նա եկեղեցական կառույց չէ։ Այսինքն՝ եկեղեցական Քրիստոսներում Աստծո Որդին այնքան էլ ճանաչելի չէ։
Հիմա ինչպե՞ս վարվի եկեղեցին։ Օրը ցերեկով իր Քրիստոսին անջատեցին իրենից։
Այս ամբողջ պատմությունը դատապարտված էր կատակերգական լինելու մի քանի պատճառով։ Ի՞նչ կապ ունի Քրիստոսը արձանի հետ, եթե նրա դեմքով որեւէ նկար կամ հիշատակում չի պահպանվել, կապն առնվազն Ծառուկյանի կամ քանդակագործի տեսիլքներում է, որը միայն ավելացնում է իրադրության կոմիզմը։
Երկրորդ՝ Ծառուկյանը Մեդիչի է խաղում, բայց խաղի բոլոր «շահառուներին» արդեն զվարճացրել է արձանի անճաշակությունը։
Երրորդ՝ իշխանությունը ողջունում է արձանի շինարարությունը համապատասխան սարի գագաթին եւ անմիջապես կասեցնում այն, որովհետեւ համապատասխան սարի գագաթի մշակութային, բնապահպանական եւ հնագիտական նշանակության մասին գաղափար չուներ։
Հիմա արձանի շինարարությունը կասեցվել է։ Քրիստոսից փորձում են փրկել սարը։ Ահա այսպիսի աստվածային կատակերգություն։ Մինչեւ կրքերը կհանդարտվեն, ու Ծառուկյանը կհաստատի սարի վրա ունեցած բոլոր իրավունքները, որոնք արդեն իսկ փաստաթղթավորված են։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: