Հուլիսի 11-ի երեկոյան Թեհրանում ձերբակալվել է աշխարհահռչակ կինոռեժիսոր, Սախարովի անվան մրցանակի դափնեկիր, մի շարք հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր Ջաֆար Փանահին։ Փանահին ձերբակալվել է Իրանի դատախազության շենքում, որտեղ հրավիրվել էր իր գործընկերներից մեկի՝ Մոհամադ Ռոսուլոֆի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում ցուցմունքներ տալու նպատակով։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ավելի վաղ ձերբակալվել էր նաեւ իրանցի մեկ այլ ռեժիսոր՝ Մոստաֆա ալ Ահմադը: Ռեժիսորները ձերբակալվել էին հուլիսի 9-ին՝ իրանական իշխանություններին ուղղված բաց նամակի հրապարակումից հետո։
Նամակում իրանցի կինոգործիչներն իշխանավորներին կոչ էին արել անհարկի ուժ չկիրառելու Իսլամական Հանրապետության տարբեր հատվածներում պարբերաբար ծագող բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ։
Փանահին ձերբակալվել էր նաեւ 2010-ի մարտին՝ հակակառավարական գործունեության, ինչպես նաեւ 2009-ի ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ անցկացված բողոքի ցույցերին մասնակցելու համար, եւ դատապարտվել էր վեց տարվա ազատազրկման։
Հատկանշական է, որ 2018-ի մայիսին, երբ Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնում «Երեք դեմք» ֆիլմի համար Փանահիին շնորհվել էր մրցանակ «Լավագույն սցենար» անվանակարգում, կինոռեժիսորն Իրանում տնային կալանքի տակ էր: