Գիրքը, որ վերահրատարակվել է 35 անգամ, թարգմանվել ավելի քան 32 լեզուներով, այժմ արդեն հասանելի է նաեւ հայերենով. Newmag հրատարակչությունը լույս է ընծայել իսպանացի գրող Ֆերնանդո Արամբուրուի «Հայրենիք» (Patria) վեպը Ալիս Տեր-Ղեւոնդյանի թարգմանությամբ։
Այն բասկյան ETA (Euskadi Ta Askatasuna/Բասկերի հայրենիք եւ ազատություն) ահաբեկչական խմբի գործունեության՝ վայրագությունների եւ դրանց կործանարար հետեւանքների վկայությունն է: 624 էջանոց գրքի հիմքում երկու բասկ ընտանիքների՝ ահաբեկչության հետեւանքով խեղված ճակատագրերն են:
Միայն իսպաներենով վաճառվել է վեպի ավելի քան մեկ միլիոն օրինակ։ «Ես չէի սպասում, որ այն այդքան մեծ հաջողություն կունենա,- The Guardian-ին ասել է հեղինակը։- Սա իմ առաջին հաջողությունն է, եւ ես երջանիկ եմ»:
Գրքի հաջողությունը, սակայն, դուրս է եկել գրական աշխարհի նեղ շրջանակներից եւ ներթափանցել Իսպանիայի հասարակական կյանք: «Դա մշտական խոսակցության թեմա է, բազմաթիվ բանավեճերի առարկա ռադիոյում, հեռուստատեսությունում, թերթերում, ինչպես նաեւ բարերում, դպրոցներում, փողոցներում եւ, իհարկե, քաղաքական շրջանակներում»,- ասել է Արամբուրուն:
«Վաղուց առիթ չէի ունեցել կարդալու իմաստուն կառուցվածքով նման համոզիչ ու հուզիչ գիրք, որում գեղարվեստական գրականությունը դառնում է իրական պատմական իրադարձությունների խոսուն վկայություն»,- «Հայրենիք»-ի մասին իր կարծիքն է հայտնել պերուացի գրող, նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիո Վարգաս Լյոսան։
Արամբուրուի գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը Newmag Summer Fest-ի շրջանակում կլինի հուլիսի 16-ին՝ 19։00-ին, «Երազ» այգում։