ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ եղանակի կտրուկ տաքացմանը զուգահեռ հրդեհների առաջացման վտանգի ավելացման պայմաններում գերատեսչության ստորաբաժանումները ներկայացրել են հրդեհների առաջացումը կանխարգելելու ուղղությամբ աշխատանքներն ու այն գործիքակազմը, որով հարկ եղած դեպքում հրդեհաշիջում կիրականացվի:
Ըստ ԱԻՆ ստորաբաժանումների ղեկավարների զեկույցների՝ Հայաստանի բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատները տեխնիկապես պատրաստ են եւ հագեցած իրականացնելու հրդեհաշիջման աշխատանքներ: Անհրաժեշտության դեպքում հրդեհաշիջման աշխատանքներին կներգրավվեն նաեւ ուղղաթիռներ:
Էլեկտրոնային եղանակով հավաքվել եւ հասցեագրվել են հանրապետության տարածքում առկա ջրային ավազանները, որտեղից հնարավոր կլինի օգտվել: Անօդաչու թռչող սարքերով դեռեւս իրականացվում են մշտադիտարկում եւ բնակչության իրազեկում:
Արտակարգ իրավիճակների նախարար Փամբուխչյանը հանձնարարել է առավել սերտ համագործակցել շրջակա միջավայրի նախարարության, մարզպետարանների, համայնքների հետ: Նախարարը կարգադրել է նաեւ ուժեղացնել ծառայությունը անտառտնտեսություններում, արգելոցների եւ այլ խոտածածկ ու բուսածածկ տարածքներում, կարեւորել քաղաքացիների հետ տարվող իրազեկման աշխատանքները: