Թուրքիայի հայկական հիմնադրամների միությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ։
Հայտարարության մեջ նշվում է, որ անհատների մակարդակում նկատվող անվիճելի լավատեսությունը համայնքն ամբողջովին կիսում է նաեւ վարչական/ինստուտուցիոնալ մակարդակում։
Միության տարածած հայտարարությունում ընդգծվել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սկսված կարգավորման գործընթացը վերջին շրջանում մեծ սպասելիքներ է ձեւավորել: Իսկ երկու ղեկավարների ուղիղ հեռախոսազրույցի ձեւավորած մթնոլորտը նոր մասշտաբ է հաղորդել լավատեսությանը:
«Միջազգային ասպարեզում շատ կարեւոր դերակատար Թուրքիայի՝ ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը բոլոր առումներով նոր հորիզոններ է խոստանում»,- նշված է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաեւ նշվել է, որ հայ համայնքը, չնայած իր համեստ ներուժին, Թուրքիայի եւ ՀՀ-ի միջեւ կարող է խորհրդանշական կամուրջ համարվել։
Իբրեւ Թուրքիայի հաստատություններ գործող տասնյակ հնագույն հիմնադրամներն ու նրանց կից հայկական բոլոր հաստատությունները եւ ընկերությունները եւս գնահատանքով եւ հույսով են հետեւում հայ-թուրքական կարգավորման գործընթացին։
Ըստ թուրքական «Anadolu» գործակալության՝ Հայկական հիմնադրամների միության ղեկավար եւ Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն իր հերթին նշել է, որ երկու երկրների միջեւ առկա կարգավորման գործընթացն անցյալի վերքերը բուժելու, նախապաշարմունքները հաղթահարելու եւ համատեղ ապագայի ճանապարհին նոր մթնոլորտ ձեւավորելու տեսանկյունից շատ կարեւոր է։
Շիրինօղլուն հավելել է, որ Թուրքիան, որը տարածաշրջանի առաջատար երկիրն է, իր կատարելիք քայլերով կարող է փոխել Հարավային Կովկասի ճակատագիրը եւ դուռ բացել միջազգային հավասարակշռումների վերափոխման համար։ Իսկ Թուրքիայի հայ համայնքը պատրաստ է իր նպաստը բերել այս պատմական շրջափուլում՝ շարժվելով իրեն բաժին ընկնող պատասխանատվության գիտակցումով։