Ըստ թուրքական GazeteKars գործակալության՝ մինչ Կարսի բնակիչները սպասում են «Դողուքափը» սահմանային անցակետի բացմանը, Հայաստան-Թուրքիա սահմանին ականազերծման աշխատանքներ են ընթանում։
Աղբյուրը նշել է, որ հայ-թուրքական սահմանային գոտում, ավելի ստույգ՝ Կարսի Աքյաքա շրջանի Իբիշ գյուղի տարածքում, ականազերծման աշխատանքներն արդեն 20 օր շարունակ իրականացնում է իսրայելական մի ընկերություն:
Գործակալությունը հայտնել է նաեւ, որ օրակարգում ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհներ ունեցող «Դողուքափ» եւ միայն ավտոճանապարհ ունեցող «Ալիջան» սահմանային անցակետերի բացումն է:
Հայաստան-Թուրքիա սահմանին ականազերծման աշխատանքների վերաբերյալ պաշտոնական տեղեկություն առայժմ երկու կողմն էլ չեն հայտնել:
Ավելի վաղ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ բանագնացների՝ Վիեննայում անցկացրած չորրորդ հանդիպմանը նոր ձեռք բերած պայմանավորվածությամբ ամենասեղմ ժամկետներում Հայաստան եւ Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորություն կապահովվի։