Գյումրու թիվ 4 արհեստագործական, Բերդի եւ Սեւանի բազմագործառութային, Լոռու եւ Տավուշի տարածաշրջանային, Նոյեմբերյանի պետական քոլեջներում ներդրվել է «Արեւային էներգետիկ կայանների մոնտաժում եւ տեխնիկական սպասարկում» մասնագիտությունը։
Հայաստանում վերականգնվող էներգետիկայի աղբյուրների եւ էներգաարդյունավետ տեխնոլոգիաների տարածումն օրեցօր ավելի տեսանելի է դառնում: «Որտեղ կա նոր տեխնոլոգիա, այնտեղ կա նոր մասնագետների պահանջարկ: Ոլորտը կարիք ուներ արեւային համակարգեր նախագծող, մոնտաժող, տեղադրող եւ սպասարկող մասնագետների, այլապես ինժեներատեխնիկական անձնակազմի եւ վարպետների բացակայությունը խոչընդոտելու էր տեխնոլոգիաների տարածումը»,- ասում է «Ֆերտի» ՀԿ նախագահ, «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Խաչիկ Սահակյանը։
Որպեսզի ոլորտը չմնար ինքնուս մասնագետների հույսով, տեխնիկական ուղղվածության ուսումնական հաստատություններն էլ համալրվեին ժամանակի պահանջին համահունչ մասնագիտությամբ, «Ֆերտի» ՀԿ-ն դիմեց ԿԳՄՍ նախարարությանը՝ առաջարկելով ներդնել նոր մասնագիտություն: Որոշվեց, որ միջին մասնագիտական հաստատություններում պետք է սովորեն արեւային կայաններ մոնտաժել:
Գաղափարն առանց համախոհների չմնաց. «Ցածր ածխածնային տեխնոլոգիական կենտրոնների հիմնում երիտասարդ մասնագետների համար» ծրագիրը ֆինանսավորեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը:
«Ֆերտի» կազմակերպությունը լաբորատորիաներ է հիմնել 6 շահառու արհեստագործական ուսումնարաններում։ Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարանում էլ արեւային էներգիայի պանելներով ու սարքավորումներով հագեցած զրուցարան-տաղավար է հիմնել: Ուսանողներն իրենք են կառուցել ու կահավորել կայանը։ Ե՛վ արեւից էներգիա են ստանում, ե՛ւ լաբորատոր աշխատանքներ են կատարում ու վարպետանում:
Ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանն ասում է՝ կրթությունը կարեւոր է, բայց նույնքան էլ կարեւոր է, որ այդ կրթությունը կայուն եկամտի աղբյուր դառնա շրջանավարտի համար: «Դեռեւս ուսումնառության ընթացքում ուսանողները գործնական առաջադրանքները հստակ կատարում էին։ Աշխատակազմը, ուսանողները եւ անձամբ ես ոգեւորված ենք: Նվեր ենք ստացել 5 կվտ հզորությամբ կայան, բայց մտածում ենք, որ քիչ է, ինքներս էլի ենք ավելացնելու»,- ասում է տիկին Ահարոնյանը եւ խիստ կարեւորում «արեւի հետ համագործակցությունը»։ Կխնայեն շրջակա միջավայրը, նաեւ ֆինանսական խնայողություններ կունենան:
«Ուսանողական նստարանից դեպի աշխատաշուկա ճանապարհը հարթված է: Սովորողները տարբեր համայնքներում փոքր պիլոտային ծրագրեր են արել, գաղափարներ հավաքել եւ համակարգեր ստեղծել»,- ասում է «Ֆերտի»-ի նախագահ Խաչիկ Սահակյանը:
Նախաձեռնության անդամների եւ ֆինանսավորողների հաջորդ քայլը եղավ պետական չափորոշիչներին համապատասխան դասագիրք ստեղծելը:
Հանձնաժողովի անդամներն ասում են՝ բարդ ասելիքը պարզ ներկայացնելու գործը վստահեցին տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արեւային էներգետիկ կայանների մոնտաժում եւ տեխնիկական սպասարկում» գրքի հեղինակ Ռուբեն Վարդանյանին:
«Եթե դասագիրքը բարդ երեւույթը բացահայտում է պարզ տեսանկյունից, ապա լավ մասնագետ ունենալն անխուսափելի է։ Գիրքը կազմելիս նպատակ եմ ունեցել կրթելու մտածող մասնագետ»,- ասում է Ռուբեն Վարդանյանը:
«Արեւային էներգետիկ կայանների մոնտաժում եւ տեխնիկական սպասարկում» գիրքը ուսանողի սեղանին կլինի նոր ուսումնական տարվանից:
Ծրագրի պատասխանատուներն ասում են՝ նախաձեռնությունն ունի տրամաբանական շարունակություն: Ուզում են ներդրված մասնագիտությունը հասցնել ինժեներական մակարդակի: Հույս ունեն՝ մոտ ապագայում արեւային համակարգերի վերանորոգողներից բացի կունենան նաեւ նախագծողներ:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։