ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը հույս ունի, որ ԱՄՆ Կոնգրեսի Սենատն առաջիկա շաբաթներին կհասցնի հավանություն տալ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը: Շերմանը նաեւ հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները նույնպես շատ արագ քայլեր կձեռնարկեն այդ ուղղությամբ:
Նախօրեին Լյուքսեմբուրգի խորհրդարանը եւս հաստատել է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելին հայտարարել է, որ եկել է ժամանակը միասնության, դիվանագիտության եւ տոկունության միջոցով դիմակայելու մեր հավաքական անվտանգության մարտահրավերներին:
ՆԱՏՕ-ի երկրներից Իսլանդիան առաջինն է, որ վավերացրել է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին եւ վավերացման փաստաթղթերը հանձնել Վաշինգտոնում ԱՄՆ Պետդեպարտամենտին: Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհաննեսոնի ստորագրելուց հետո փաստաթուղթն ինքնաթիռով ուղարկվել է ԱՄՆ Պետդեպարտամենտին:
ՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչները հուլիսի 5-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի ԱԳ նախարարների ներկայությամբ ստորագրել են այդ երկու երկրների՝ դաշինքին միանալու արձանագրությունները։