Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն առաջարկել է ազգությամբ հայ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար իբրեւ պարտադիր պահանջ սահմանել Հայաստանում վերջին երկու տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվելու կամ գտնվելու հանգամանքը:
Սահմանադրությամբ ազգությամբ հայերը Հայաստանում բնակվելու պահից ունեն ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք, սակայն «Քաղաքացիության մասին» օրենքով սահմանված չէ, թե որ պահից է անձը համարվում Հայաստանում բնակություն հաստատած:
Գործող օրենքի նպատակն, ըստ ԱԱԾ-ի, հայրենադարձությունը խթանելն է, սակայն վերջին տարիներին ծառայություն կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ազգությամբ հայ լինելու հանգամանքով պայմանավորված՝ ՀՀ քաղաքացիություն հայցող անձանց մի ստվար զանգված, հատկապես Մերձավոր Արեւելքի երկրների՝ Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի քաղաքացիները, երբեւէ չեն եղել Հայաստանում կամ ժամանել են հազվադեպ` 4-5 տարին մեկ անգամ:
«Իսկ որոշ դեպքերում ժամանել են միայն ՀՀ քաղաքացիություն հայցելու նպատակով եւ, որպես կանոն, չեն իրականացնում հայանպաստ գործունեություն։ Բացի այդ՝ եղել են նաեւ դեպքեր, երբ քաղաքացիություն ստանալուց հետո ՀՀ քաղաքացու անձնագրերը օգտագործել են միայն այլ պետություններ ճամփորդելու հնարավորություն ունենալու համար»,- ասված է հիմնավորման մեջ։
Ազգությամբ հայ լինելու փաստի արժանահավատությունը խորությամբ եւ բազմակողմանի ստուգելը՝ հաճախ անիրատեսական
Ազգային անվտանգության ծառայությունում հանգել են այն եզրակացության, որ ազգությամբ հայերի համար սահմանված խրախուսող նորմերը փաստացի ոչ ամբողջապես են ապահովում օրենքում ներդրված նպատակների իրականացումը:
Օտարերկրյա պետությունների դեպքում, հատկապես առանձին դեպքերում ներքաղաքական սուր լարվածության եւ ռազմական գործողությունների գոտիներում, ՀՀ ԱԱԾ-ն իր սահմանափակ ռեսուրսներով կարճ ժամկետում ՀՀ քաղաքացիություն հայցող անձի ներկայացրած կենսագրական տվյալների, ներառյալ ազգությամբ հայ լինելու փաստի արժանահավատությունը անհրաժեշտ խորությամբ եւ բազմակողմանի ստուգելը հաճախ անիրատեսական է դառնում:
Ըստ ԱԱԾ-ի՝ միջազգային փորձի վերլուծությունը եւս ցույց է տալիս, որ ազգային պատկանելիության հիմքով քաղաքացիություն ստանալու գործընթացը տարբեր երկրներում առավել բարդ եւ տարատեսակ ընթացակարգեր է ենթադրում: Իսրայելում, օրինակ, ծննդյան, էթնիկ պատկանելության ուժով հրեաները կարող են քաղաքացիություն ձեռք բերել Իսրայելում հաստատվելու դեպքում:
Ակնկալվում է, որ նախագիծը կնվազեցնի ազգությամբ հայ ներկայացող, սակայն իրականում հայկականության հետ որեւէ առնչություն չունեցող օտարերկրացիների՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցելու դիմումների քանակը: