ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2023-ի բյուջետային տարում Ազգային անվտանգության հատկացումների ակտին ներկայացված 121-րդ լրացումը, որով պահանջվում է ներկայացնել զեկույց Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ:
Լրացման հեղինակները կոնգրեսականներ Թոնի Կարդենասն ու Բրեդ Շերմանն են:
121-րդ լրացումը Պետդեպարտամենտից եւ Պաշտպանական դեպարտամենտից պահանջում է ներկայացնել զեկույց, որում մանրամասն նկարագրված կլինի՝ արդյո՞ք Հայաստանի եւ Արցախի դեմ 2020-ին Ադրբեջանի կիրառած թուրքական անօդաչու թռչող սարքերում օգտագործված են եղել ամերիկյան արտադրության սարքավորումներ:
Բացի դրանից՝ զեկույցում պետք է ներկայացվեն Արցախի դեմ Ադրբեջանի կիրառած սպիտակ ֆոսֆորի, կլաստերային ռումբերի ու այլ արգելված զինատեսակների, ինչպես նաեւ 44-օրյա պատերազմում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկիչ վարձկանների ներգրավման մասին տեղեկություններ:
Հայամետ մյուս լրացումները, որոնք ներկայացվել են Ազգային անվտանգության հատկացումների ակտին, քննարկման կդրվեն հուլիսի 14-ին: