ԱԺ խորհուրդն այսօր պատրաստվում է խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների 33 պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով նիստ գումարելու։ Որոշման նախագիծն արդեն հրապարակված է ԱԺ կայքում։ Օրենսդրության համաձայն`այն ընդունելու դեպքում խորհուրդը դիմելու է Սահմանադրական դատարան, որտեղ էլ կայացվելու է վերջնական որոշումը։
Ընդդիմադիրներին մանդատից զրկելու նախաձեռնության հիմքերը հայտնի են. պատգամավորի լիազորությունները դադարեցվում են կիսամյակի ընթացքում քվեարկությունների կեսից ավելիից անհարգելի բացակայելու դեպքում։ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն, ինչպես հայտնի է, տեւական ժամանակ է՝ բոյկոտում են ԱԺ նիստերը: Այնպես որ դե յուրե նման հարց բարձրացնելը հակաօրինական չէ:
Ստեղծված իրավիճակը նախանձելի չէ: Ե՛վ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունն իրենց հրապարակային հայտարարություններով հետեւողականորեն ստեղծել են իրավիճակ, որ նշված պահանջներից ցանկացած նահանջ ընկալվելու է կողմերից մեկի պարտություն կամ առնվազն թուլության դրսեւորում:
Բոյկոտելով ԱԺ նիստերը՝ ընդդիմադիրները ստեղծել են իրենց մանդատից զրկելու լեգիտիմ հիմքեր: Ու որքան էլ իշխանությունների քայլը համարվի օրինական (Սահմանադրությունը միանշանակ սահմանում է պատգամավորի լիազորությունների դադարեցման հիմքեր), միեւնույնն է, տեղի ունեցածը կընկալվի որպես քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդար: Սա այն դեպքում, երբ ընդդիմադիրներն ԱԺ նիստերին չեն մասնակցում՝ ի նշան բոյկոտի: Այսինքն՝ սա նրանց քաղաքական դիրքորոշումն է, եւ եթե իշխանությունները նրանց մանդատից զրկելու որոշում կայացնեն, կնշանակի՝ իշխանությունը պատրաստվում է նրանց պատժելու: Գործընթաց, որը հակասում է ժողովրդավարության կանոններին եւ ավելի է սրում իրավիճակը:
Բայց նաեւ ակնհայտ է, որ բոյկոտային տրամաբանությամբ այս իրավիճակն էլ երկար շարունակվել չի կարող. եթե ոչ հիմա, ապա ԱԺ աշնանային նստաշրջանից հետո իշխանությունը ստիպված է լինելու հանդես գալ նման նախաձեռնությամբ: Կամ էլ պարզապես պետք է չնկատելու տա նրանց բացակայությունը եւ վերջ:
Իրենք՝ ընդդիմադիրները, հայտարարել են՝ ԱԺ կվերադառնան բացառապես իրենց օրակարգով: Սա նշանակում է, որ խորհրդարանի աշխատանքներին ցանկացած մասնակցություն կընկալվի որպես նահանջ, պարտություն, թուլության նշան: Իսկ իրենց օրակարգը՝ խորհրդանում վարչապետի պաշտոնանկության գործընթաց ծավալելը, առիթ ունեցել ենք խոսելու, անհնար է իրագործել: Նրանք չունեն բավարար թվով պատգամավորներ: Իսկ պարզապես ինչ-որ հայտարարություններ ընդունելու համար արտահերթ նիստեր գումարելու նախաձեռնություններն էլ լուրջ չեն:
Այս ամենը տեղի է ունենում հասարակության լիակատար օտարվածության պայմաններում: Հասարակությունը (կամ որ ավելի ճիշտ է՝ հասարակության մի ստվար զանգված) չի համակրում ընդդիմադիրներին ու չի ցանկանում սատարել նրանց, այլապես վաղուց փողոցում կրիտիկական զանգված հավաքված կլիներ (հասարակական դժգոհությունների համար կան բավարար հիմքեր, օրինակ՝ սոցիալ-տնտեսական վիճակը, շարունակական գնաճը): Կամ էլ ընդդիմադիրներին ԱԺ վարչական պաշտոններից հեռացնելուց հետո խորհրդարանի մոտ ցույցեր կանեին:
Հասարակությունը չի համակրում նաեւ գործող իշխանություններին եւ ընդդիմադիրներին պատժելու պահանջ չի առաջադրում՝ չհաշված իշխանության մոտ արտախորհրդարանական ընդդիմության հաստիքում աշխատող մեկ-երկու մարդ-կուսակցության, որոնց ներկայացուցիչները լծված են նախկինների «հրեշավոր կերպարը» վառ պահելու եւ այդ ամենի մասին պարբերաբար հիշեցնելու գործին:
Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը, թերեւս, միակն է՝ կողմերի միջեւ երկխոսությունն ու փոխզիջումների ճանապարհով հանգուցալուծման գնալը հստակ արձանագրմամբ, որ այդ ամենը չի նշանակում որեւէ մեկի հաղթանակ կամ պարտություն: Բայց դե, քաջ ծանոթ լինելով ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը, այս տարբերակը գրեթե բացառում ենք:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: