«Երեւաննախագիծ» ՓԲԸ-ն եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵ) Երեւանի բուսաբանական այգու տարածքում անտառպուրակի կառուցապատման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակման պայմանագիր են կնքել:
«Երեւաննախագիծ»-ը նաեւ կազմել է շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ՝ Երեւանի քաղաքապետարանից ստանալով նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք):
Երեւանի բուսաբանական այգու տարածքում անտառպուրակի կառուցապատման աշխատանքների ընթացքում նախատեսվում է իրականացնել մետաղական ցանկապատով քարե պարիսպների, ասֆալտապատ ճանապարհների քանդման աշխատանքներ, բազալտե աստիճանների ապամոնտաժում: Հողի բերրի շերտերը տեղում կպահեստավորվեն՝ հետագայում հուշապուրակի բուսաշերտի առավել նվազ հզորությամբ տարածքներում օգտագործելու նպատակով:
35 հա տարածքում լինելու են մի քանի ֆունկցիոնալ գոտիներ՝ հուշապուրակ (30 հա), հանդիպումների հրապարակ՝ որպես մուտքային հանգույց, այցելուների սպասարկման, գործնական եւ հանդիպումների գոտի, հիմնական ծառուղի, զբոսապուրակ ջերմատանը հարող տարածքում՝ հանգստի, զբոսանքի եւ ճեմելու համար, ակտիվ հանգստի համար արհեստական լճակ՝ 4620 քմ ջրային մակերեսով:
Զբոսապուրակի շրջանաձեւ խաչմերուկից մինչեւ հուշահարթակ էլ կձգվի աստիճանների կասկադ:
Անտառպուրակում նախագծողները ծրագրում են կառուցել հասարակական զուգարաններ՝ հարմարեցված նաեւ թիկնաթոռ-սայլակով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձանց համար, ծառուղիներ, ճեմուղիներ՝ կրկին հարմարեցված սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող անձանց եւ բնակչության սակավաշարժ խմբերի համար:
Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում 2022-ի հուլիսի 15-ին՝ 12:00-ին, տեղի կունենա Երեւանի բուսաբանական այգու տարածքում անտառպուրակի կառուցապատման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում:
Տեղեկանք
Երեւանի բուսաբանական այգին ավելի քան 80-ամյա պատմություն ունեցող գիտական եւ էկոկրթական հաստատություն է: Ինքնատիպ ազգային արժեք այգին իրականացնում է «Կենսաբազմազանության մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում ՀՀ Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ եւ վտանգված, ազգային եւ համաշխարհային արժեք բուսատեսակների գենոֆոնդի ուսումնասիրություններ:
Ներկայում Կովկասի, Ամերիկայի, Արեւելյան Ասիայի, Եվրոսիբիրի ֆլորաների առանձնացված հողամասերում ցուցադրված են շուրջ 5 հազար արժեքավոր բուսատեսակների հավաքածուներ: Գիտական կարեւոր արժեք է հատկապես Հայաստանի բուսական աշխարհի եզակի 1,5 հա տարածքով հողամասը: Այգին ստեղծվել է 1935-ին՝ մեկտեղելով հանրապետության չափազանց հարուստ ֆլորայի գրեթե կեսը՝ ավելի քան 1800 տեսակ:
Բուսաբանական այգին ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի գիտափորձարարական ստորաբաժանումն է եւ գիտափորձարարական եւ ուսումնաարտադրական բազա է բուհերի կենսաբանական եւ էկոլոգիական ուղղվածության մասնագիտությունների համար:
Տեւական ժամանակ Երեւանի բուսաբանական այգում չեն իրականացվել ենթակառուցվածքների ստեղծման եւ հիմնանորոգման, պահպանության պատշաճ աշխատանքներ:
Կառավարությունը 2021-ի սեպտեմբերի 25-ին որոշում է ընդունել պետբյուջեում վերաբաշխում եւ լրացում կատարելու եւ ՏԿԵ նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից Երեւանի բուսաբանական այգու տարածքում անտառպուրակի կառուցապատման նախագծային աշխատանքների իրականացման համար 64 միլիոն 301 հազար դրամ հատկացնելու մասին: Որոշմամբ կառավարությունը ՏԿԵ նախարարությանը թույլատրել է հաստատված կարգով նախագծային փաստաթղթերի մշակման եւ փորձաքննության ծառայություններ ձեռք բերել մեկ անձից:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։