Ըստ բելգիական EUObserver պարբերականի՝ Եվրոպայում ռուսաստանյան էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու միտումով Եվրամիությունը մտադիր է Ադրբեջանի հետ գազի արտահանման մասին առանց որեւէ պայմանի համաձայնագիր կնքել:
«Ռազմավարական գործընկերությունը» Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ նախատեսում է կասպյան բնական գազի մատակարարումներ Եվրամիություն եւ, ամենայն հավանականությամբ, Բալկաններ։
Պարբերականը նշում է, որ համաձայնագրի նախագծում Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման մասին որեւէ խոսք չկա, փոխարենը հիշատակվում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սառեցված հակամարտությունը։ Կողմերն աջակցություն են հայտնում միմյանց տարածքային ամբողջականությանը, միջազգային սահմանների անխախտելիությանը։
Ըստ փաստաթղթի` մինչեւ 2027-ը նախատեսվում են տարեկան 20 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարումներ, որոնց համար շոշափելի ներդրումներ կարվեն, միաժամանակ կընդլայնվի «Հարավային գազային միջանցքի» ցանցը։
Եվրամիության ներկայացուցիչները հուշագիրը ստորագրելու ժամկետը չեն հստակեցրել, սակայն հայտնել են, որ էներգետիկ հարցերով ԵՄ հանձնակատար Քադրի Սիմսոնը հուլիսի վերջին կմեկնի Բաքու՝ բանակցությունները շարունակելու։
«Ադրբեջանը մարդու իրավունքների ոլորտում աղետալի վիճակ արձանագրած նավթային բռնապետություն է, որը տասնամյակներ շարունակ կառավարում է մեկ ընտանիք, սակայն Եվրամիության հուշագրի նախագծում դրա մասին ոչինչ չի նշվում»,- ընդգծել է EUObserver-ը: