Հուլիսի 11-ին «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանն ու STARMUS-ի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Հուշագրի համաձայն՝ սեպտեմբերի 10-ին Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում կանցկացվի STARMUS օր՝ գիտության եւ արվեստի 6-րդ միջազգային փառատոնը Երեւանից դուրս հասանելի դարձնելու նպատակով։
«STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով 6-րդ ամենամյա փառատոնը Հայաստանում անցկացվելու է սեպտեմբերի 5-10-ը։
Գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները միավորող STARMUS միջազգային փառատոնը հիմնադրել են աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը եւ լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյը 2011 թվականին։ Փառատոնը մեկնարկել է Թեներիֆե կղզուց, ապա շարունակվել Նորվեգիայում, Շվեյցարիայում։ Տարիներ շարունակ եղել է աշխարհահռչակ գիտնականներին եւ արվեստի գործիչներին միավորող հարթակ, ներշնչել երիտասարդներին՝ բացահայտելու գիտության աշխարհը։
«STARMUS-ը Լոռու ՍՄԱՐԹ կենտրոն բերելով՝ մենք հաստատում ենք, որ այս փառատոնը միայն մեկ վայրում չէ. այն ամենուր է: Ուստի եթե անգամ չնչին հնարավորություն կա փառատոնը հասցնելու նաեւ Հայաստանի գյուղեր, մենք, իհարկե, պետք է դա անենք։ Այս ամենի շուրջ էլ միավորում ենք մեր ջանքերը ՔՈԱՖ-ի հետ՝ STARMUS-ը հասցնելով Լոռի»,- ասել է Գարիկ Իսրայելյանը։
Գիտության եւ արվեստի նկատմամբ գյուղերի երեխաների հետաքրքրությունը խթանելուն ուղղված «STARMUS օր ՍՄԱՐԹ-ում» միջոցառումն, ըստ կազմակերպիչների, հագեցած է լինելու երաժշտական կատարումներով, պանելային քննարկումներով, ներառելու է պլանետարիում, աստղադիտում, գյուղատնտեսական ապրանքների տոնավաճառ։
Միջոցառմանը մասնակցելու են արվեստի գործիչներ, գիտնականներ, նոբելյան մրցանակակիրներ։
«STARMUS օր ՍՄԱՐԹ-ում» իրադարձությունը Լոռու մարզում անցկացնելու համար ՔՈԱՖ-ին է միացել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ/GIZ)՝ «Լոռին՝ քո հաջորդ ուղղությունը» նախագծի շրջանակում։
Փառատոնի շրջանակում է շնորհվում նաեւ աշխարհահռչակ գիտնական Սթիվեն Հոքինգի հեղինակավոր շքանշանը՝ գնահատելով գիտության հանրայնացման գործում ներդրումը։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։