Շուրջ 130 միլիոն օգտատեր ունեցող ամերիկյան «Disney+» թվային հարթակի ղեկավարությունը նախազգուշական նամակ է ուղարկել ենթագրերի թարգմանիչների էլեկտրոնային հասցեներին: Նամակում քաղաքական գործընթացների վերաբերյալ մի շարք նախազգուշացումներ են ներառված։ Դրանք առնչվում են Հայոց ցեղասպանության, իսլամի թեմաներին, քրդական հարցին ու կիպրական խնդրին։
Ընկերությունը թարգմանիչներից պահանջել է Disney+-ի Թուրքիայի պատասխանատուներին անպայման տեղյակ պահել, եթե տեսնեն, որ կինոարտադրողներն անդրադարձել են վերոհիշյալ թեմաներին։
Թարգմանիչներից նաեւ պահանջվել է ընկերության ղեկավար կազմին տեղյակ պահել, եթե պարզվի, որ ֆիլմերում կինոարտադրողներն Էրդողանին ներկայացնում են որպես բռնապետ, ինչպես նաեւ եթե նկարահանումներում ներգրավված են LGBTIQ+ համայնքի անդամներ։
Վերջին տարիներին Թուրքիայի Ռադիոյի եւ հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը թվային հարթակներին հորդորել է արտոնագրեր ստանալու համար դիմել եւ Թուրքիայում գրասենյակներ բացել, հակառակ դեպքում սպառնացել է վերջիններիս նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով։
Կոչին արձագանքել են մի քանի տասնյակ թվային հարթակներ, ներառյալ Netflix-ն ու MUBI-ն, մինչդեռ հանրության լայն շրջանակները դա համարում են գրաքննության դրսեւորում։