Բայդենի վարչակազմը կոչ է արել զգուշություն ցուցաբերելու ՔՈՎԻԴ-19-ի նկատմամբ՝ ընդգծելով պատվաստումների եւ ներսում դիմակներ դնելու կարեւորությունը։ Նախազգուշացումն արվում է այն ժամանակ, երբ վարակի երկու նոր տարբերակները սկսել են արագորեն տարածվել ամբողջ երկրում:
Վարակի նոր տարբերակները կոչվում են BA.4 եւ BA.5: Այս տարբերակները «Օմիկրոնից» առաջացած ճյուղեր են: BA.4 եւ BA.5 տարբերակներն ավելի վարակիչ են, քան դրանց նախորդները: BA.5 եւ BA.4 մանրէահիմքերն այժմ ԱՄՆ-ում ՔՈՎԻԴ -19-ի դեպքերի 80%-ն են, ընդ որում BA.5-ը՝ դեպքերի մեծամասնությունը:
Սպիտակ տան ՔՈՎԻԴ 19-ի հարցերով արձագանքման համակարգող Աշիշ Ջհան ասել է, որ ներկայում պատվաստում ստանալը չի նշանակում, որ չեք կարող նաեւ պատվաստում ստանալ հետագայում, երբ հայտնվի նոր տարբերակների դեմ պատվաստանյութը:
«Իմ ուղերձը 50 եւ ավելի բարձր տարիքի մարդկանց համար շատ պարզ է: Եթե 2022-ին չեք ստացել պատվաստանյութ, խնդրում եմ գնացե՛ք եւ պատվաստվե՛ք հիմա: Դա կարող է փրկել ձեր կյանքը»,- շեշտել է համակարգողը:
ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին էլ հայտարարել է, որ թեեւ նոր տարբերակները մտահոգիչ են, խթանիչների եւ դիմակների շնորհիվ երկիրն ունի գործիքներ, որոնք օգտակար են վարակի դեմ պայքարի հարցում:
«Դեպքերի աճի հավանականությունն ամենաբարձրն է այնտեղ, որտեղ ավելի քիչ մարդ է պատվաստվում, եւ որտեղ կա արհեստական իմունիտետի նվազում»,- ասված է հայտարարության մեջ:
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը եւս հեռավար մամուլի ասուլիսում զգուշացրել է, որ «ՔՈՎԻԴ 19-ը չի ավարտվել», եւ որ ահրաժեշտ է շարունակել կիրառել բոլոր հնարավոր մեթոդները վիրուսի դեմ պայքարում:
Սննդամթերքի եւ դեղորայքի վերահսկման գերատեսչությունը խորհուրդ է տվել ՔՈՎԻԴ -19 պատվաստանյութ արտադրողներին փոփոխություններ մտցնել աշնանային պատվաստանյութերում՝ BA.4 եւ BA.5 մանրէահիմքերի դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար: