ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իսրայելական հեռուստաալիքներից մեկի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենքի հասանելիություն ստանա, եւ պատրաստ է ուժ կիրառելու Թեհրանին կանգնեցնելու համար, բայց միայն որպես ծայրահեղ միջոց:
Սպիտակ տան ղեկավարը նաեւ «մեծ սխալ» է որակել Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը՝ դուրս գալու Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից:
«Իրանն այժմ ավելի մոտ է միջուկային զենքին, քան նախկինում»,- ասել է Բայդենը՝ միաժամանակ հանդես գալով Իրանի հետ նոր համաձայնագրի կնքման օգտին:
Վաշինգտոնի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը Երուսաղեմում երկկողմ հանդիպմանը կստորագրեն համատեղ հռչակագիր՝ պարտավորվելով թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Հռչակագիրը կընդլայնի ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջեւ համագործակցությունն անվտանգության ոլորտում:
Ըստ իսրայելական The Times of Israel պարբերականի՝ Իսրայելի վարչապետի եւ ԱՄՆ-ի նախագահի երկկողսմ հանդիպումից հետո Բայդենը եւ Լապիդը համատեղ մամուլի ասուլիսից առաջ չեն պատասխանել լրագրողների հարցերին:
Այնուհետեւ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի առաջնորդներն ընդլայնված կազմով՝ երկու կողմերի պատվիրակությունների մասնակցությամբ խորհրդակցություններ են անցկացրել: Ավելի ուշ սպասվում է I2U2 խմբի առցանց գագաթնաժողովը, որի մեջ մտնում են Իսրայելը, Հնդկաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ ԱՄՆ-ը: