Առաջիկա օրերին շոգ կլինի նաեւ երեկոյան ժամերին: Հուլիսի 15-19-ը Երեւանում սպասվում է աննախադեպ շոգ եղանակ: Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքը դեռեւս Արաբական թերակղզու շրջաններից ներթափանցած արեւադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում է:
Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում եւ Երեւանում հուլիսի 15-19-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը +39օC-ից կհասնի +42 օC-ի։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը եւս նորմայից բարձր կլինի։ Ուստի խորհուրդ չի տրվում ցերեկային ժամերին՝ 11։00-ից մինչեւ 17։00-ն ընկած հատվածում գտնվել բաց տարածքներում: Հարկավոր է խուսափել արեւի ճառագայթների անմիջական ազդեցությունից: Այլապես հարկավոր է կրել երկարաթեւ սպիտակ հագուստ, գլխարկ, օգտագործել արեւապաշտպան քսուք եւ շատ հեղուկ խմել:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ին եւ 17-ին կբարձրանա 2-4 աստիճանով։ Տարվա այս ժամանակահատվածում հատկապես Արարատյան դաշտում ու դրա նախալեռնային գոտում լեռնահովտային քամիների շնորհիվ երեկոյան ժամերին օդի ջերմաստիճանը կտրուկ նվազում է` մեղմելով ցերեկային ժամերին առաջացած սաստիկ շոգը։
Երեկոյան լեռնահովտային քամիները կթուլանան
Վերջին 5 օրերին քամիները բավականին ինտենսիվ են՝ մինչեւ 20մ/վ արագությամբ։ Դա պայմանավորված է նրանով, որ արեւադարձային տաք օդային հոսանքների ազդեցությունը հիմնականում տարածվում է հովտային եւ նախալեռնային գոտիների վրա, իսկ լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանի էական բարձրացում դեռեւս չի նկատվում։
Որպես արդյունք՝ Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը Սեւան-Հրազդան հատվածի համեմատ 10-15 աստիճանով ցերեկն ավելի բարձր է լինում։ Ջերմաստիճանի եւ մթնոլորտային ճնշման մեծ տարբերության պատճառով էլ առաջանում են լեռնահովտային ուժգին քամիներ։
Հուլիսի 15-ից արեւադարձային տաք օդի ալիքն աստիճանաբար կտարածվի նաեւ լեռնային գոտիների վրա: Եվ երեկոյան լեռնահովտային քամիները կթուլանան։ Այդ պատճառով հուլիսի 16-20-ը Արարատյան դաշտում եւ Երեւանում օդի ջերմաստիճանը երեկոյան ժամերին եւս բարձր կլինի։
Հիդրոօդերեւոթաբանության ու մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է, որ առաջիկա օրերին հանրապետության հովտային եւ նախալեռնային գոտիներում բարձր կլինի նաեւ հրդեհի վտանգը:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։