Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի կապի հանձնաժողովը Իլոն Մասկի հիմնած SpaceX Starlink ընկերությանը թույլատրել է արբանյակային ինտերնետ ծառայություններ մատուցել: Թույլտվության հայտն ընկերությունը ներկայացրել էր 2022-ի հուլիսի 8-ին։
Ըստ թույլտվության պայմանների՝ SpaceX-ը Վրաստանում Starlink արբանյակային համակարգերի միջոցով կտրամադրի գերարագ լայնաշերտ ինտերնետ ծառայություններ։
Starlink-ը ապահովում է բարձր արագությամբ, ցածր ուշացման լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ամբողջ աշխարհում, ներառյալ այն տարածքներում, որտեղ ինտերնետ հասանելիությունը թանկ է, անվստահելի, անորակ կամ ամբողջովին անհասանելի:
Իլոն Մասկի SpaceX-ը 2019-ի մայիսից մինչ օրս ուղեծիր է արձակել ավելի քան 2700 Starlink ցածր ուղեծրով (LEO) արբանյակներ: Starlink-ը հատկապես կարեւոր եւ հետաքրքիր է լեռնային շրջաններում եւ լայնաշերտ ինտերնետ ծածկույթ չունեցող բնակավայրերում: Starlink ինտերնետ ստանալու համար մեծ ենթակառուցվածք չի պահանջվում: Պահանջվում են միայն էներգիայի աղբյուր եւ ընդունող սարք: Արդյունքում հնարավոր է ինտերնետից օգտվել աշխարհի ցանկացած կետում։