Ոստիկանությունից հայտնել են, որ սահմանվել է պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկն՝ ըստ Կառավարության 2010-ի սեպտեմբերի 9-ի որոշման։ Այդ ցանկում ներառված են նաեւ մոպեդները։
Մոպեդ է համարվում 50 սմ խորանարդ աշխատանքային ծավալը չգերազանցող՝ ներքին այրման շարժիչով կամ երկարատեւ ծանրաբեռնվածության ռեժիմում 0,25 կՎ-ից ավելի եւ 4 կՎ-ից պակաս առավելագույն հզորությամբ էլեկտրական շարժիչով՝ առավելագույն արագությունը 50 կիլոմետր-ժամը չգերազանցող երկանիվ կամ եռանիվ մեխանիկական տրանսպորտային միջոցը։
Մոպեդին է հավասարեցվում նաեւ համարժեք տեխնիկական բնութագիր ունեցող կվադրոցիկլը։ Մոպեդ վարելու համար անհրաժեշտ է համապատասխան կարգի 16 տարին լրացած անձին տրվող վարորդական իրավունքի վկայական:
Ոստիկանությունից տեղեկացրել են նաեւ, որ պարեկներն ու ճանապարհային ոստիկաններն այսուհետ առանձնահատուկ ուշադրություն են դարձնելու վերը նշված խնդիրներին, եւ օրինազանցները ենթարկվելու են վարչաիրավական ներգործության։
«Հորդորում ենք մոպեդ ունեցող անձանց օր առաջ այն հաշվառել ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներից որեւէ մեկում, ինչպես նաեւ մոպեդը վարել բացառապես համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական ունենալու դեպքում»,- հայտնել են ոստիկանությունից: