Ըստ ռուսական «Ինտերֆաքս» գործակալության՝ Մոսկվայում Ռուսաստանի ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (МГИМО) եւ Միջազգային հարցերով ռուսական խորհրդի աջակցությամբ հուլիսի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի փորձագետների հանդիպումը:
Հանդիպումը բացել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ Հայկական կողմից հանդիպումը համակարգել է «Օրբելի» վերլուծական կենտրոնը, ադրբեջանական կողմից՝ Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնը:
Փորձագետները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մի շարք հարցեր Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ 2020-ի նոյեմբերի 9/10-ի, 2021-ի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա, ներառյալ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանազատման/սահմանագծման խնդիրները, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարը, ինչպես նաեւ հումանիտար հարցեր եւ կողմերի միջեւ վստահության ամրապնդման հնարավոր միջոցները:
Քննարկվել են նաեւ երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործում փորձագիտական երկխոսության դերի եւ նշանակության մասին հարցեր: Մասնակիցները պայմանավորվել են շարունակել շփումները եւ համատեղ աշխատանքը «Երկխոսություն խաղաղության շուրջ» եռակողմ փորձագիտական հարթակի շրջանակում։