Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ մոտ ապագայում Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ էներգետիկ անվտանգությանը վերաբերող շատ կարեւոր փաստաթուղթ կստորագրվի:
Ըստ Ալիեւի՝ այդ փաստաթղթի ստորագրումը Բաքվի եւ Բրյուսելի համագործակցությունը նոր մակարդակ կտեղափոխի։
Նախօրեին բելգիական EUObserver պարբերականը հայտնել էր, որ Եվրոպայում ռուսաստանյան էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու միտումով Եվրամիությունը մտադիր է Ադրբեջանի հետ գազի արտահանման մասին առանց որեւէ պայմանի համաձայնագիր կնքել:
«Ռազմավարական գործընկերությունը» Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ նախատեսում է կասպյան բնական գազի մատակարարումներ Եվրամիություն եւ, ամենայն հավանականությամբ, Բալկաններ։
Ըստ փաստաթղթի` մինչեւ 2027-ը նախատեսվում են տարեկան 20 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարումներ, որոնց համար շոշափելի ներդրումներ կարվեն, միաժամանակ կընդլայնվի «Հարավային գազային միջանցքի» ցանցը։