ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը Երեւանում է: Նրան ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրանք քննարկել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր:
Կառավարությունից հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանը եւ Ուիլյամ Բըրնսն անդրադարձել են նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:
Սա ԿՀՎ ղեկավարի առաջին այցն է Հայաստան։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը չէր մեկնաբանել ԿՀՎ ղեկավարի Հայաստան այցելելու մասին լուրը, ԱԱԾ-ն էլ հայտնել էր, որ տեղեկություն չունեն Բըրնսի երեւանյան այցի վերաբերյալ։
Ուիլյամ Բըրնսը հանդիպել է նաեւ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարին: Արմեն Գրիգորյանի հետ քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր:
ԱԽ գրասենյակից նաեւ հայտնել են, որ Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության միջավայրը, առկա մարտահրավերները եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման Հայաստանի մոտեցումը։ ԿՀՎ ղեկավարն ու ՀՀ ԱԽ քարտուղարը խոսել են Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացների մասին։