Հայ-թուրքական երկխոսության ընթացքը քննարկել են American Enterprise Institute հաստատության վերլուծաբան Մայք Ռուբինը, Թբիլիսիի եվրոպական համալսարանի պրոֆեսոր, վերլուծաբան Էմիլ Ավդալիանին եւ վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:
Մասնավորապես, Մայք Ռուբինը որպես «դրական նախանշան» է որակել հայ-թուրքական երկխոսությունն ու առաջնորդների միջեւ հեռախոսազրույցը՝ կարեւորելով հատկապես պայմանավորվածություններն առեւտրային թռիչքների իրականացման եւ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի վերաբացման մասին: Ռուբինը հիշեցրել է, սակայն, որ նախկինում թուրքական կողմը չեղարկել էր բոլոր պայմանավորվածությունները:
«Հայկական կողմը կարող է կասկածներ ունենալ, քանի որ 2009-ին, երբ բանակցություններն ընթանում էին, Էրդողանը հրաժարվեց բանակցելուց՝ հայտարարելով, որ Անկարան չի վավերացնի արձանագրությունները, քանի դեռ համաձայնություն չկա Ադրբեջանի հետ։ Թուրքիան պետք է կողմնորոշվի՝ այն գաղութատիրական տերություն է, թե անկախ պետություն»,- ասել է Ռուբինը:
Անկարան ձգտում է կառուցողական դերակատարություն ստանձնելու
Թուրքական կողմի՝ Հայաստանի նկատմամբ դրսեւորած վերջին շրջանի մոտեցումներն ու կողմերի միջեւ երկխոսության ընթացքում արձանագրված որոշակի առաջընթացը Ռուբինը կապել է Թուրքիայի տնտեսական խնդիրների հետ: Ըստ նրա՝ վերլուծաբանները մտավախություն ունեն, որ Թուրքիան էներգետիկ ծրագրերով եւ այլ միջոցներով քողարկում է իր ֆինանսական սնանկությունը, սակայն սեպտեմբերին դա անհնարին կդառնա, եւ նա ստիպված կլինի օգնություն հայցելու՝ պատճառաբանելով, որ նրա ֆինանսական կործանումը չափազանց մեծ ցնցում կառաջացնի աշխարհում:
«Եվ չնայած Արժույթի միջազգային հիմնադրամի վերաբերյալ Էրդողանի նախկին պոպուլիստական հայտարարություններին՝ Թուրքիան կարող է հայտնվել մի իրավիճակում, երբ ստիպված կլինի աղաչել Արեւմուտքին օգնություն ցուցաբերել իրեն, ուստի Անկարան շահագրգռված է մինչեւ այդ պահը միջազգային հանրության աչքում կառուցողական դերակատարություն ստանձնել»,- կարծում է նա:
Անկարայի եւ Բաքվի հետ կարգավորումը Երեւանին կվերածի Հարավային Կովկասի ակտիվ խաղացողի
Իր հերթին Թբիլիսիի եվրոպական համալսարանի պրոֆեսոր, վերլուծաբան Էմիլ Ավդալիանին պնդում է, որ Անկարայի եւ Բաքվի հետ հարաբերությունների կարգավորումը կօգնի Երեւանին մեկուսացված դերակատարից վերածվելու Հարավային Կովկասի ակտիվ խաղացողի:
The Middle East Institute-ի կայքում Ավդալիանին գրում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների զարգացումը սերտ կապ ունի ՀՀ-Թուրքիա մերձեցման գործընթացի հետ: Ըստ Ավդալիանիի՝ դեռեւս պարզ չէ՝ որքան ժամանակ կպահանջվի Հայաստանի եւ նրա հարեւանների միջեւ հարաբերությունների շոշափելի բարելավում արձանագրելու համար, սակայն մինչ այժմ գրանցված առաջընթացը բավական նշանակալի է՝ փաստելու համար, որ գործընթացը, թերեւս, շարունակական կլինի:
Վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանն էլ The Institute for War & Peace-ի կայքում հրապարակած իր հոդվածում գրում է՝ ՀՀ-ն այսօր զբաղված է բարդ եւ երկկողմանի դիվանագիտությամբ՝ մի կողմից բանակցելով Ադրբեջանի հետ, մյուս կողմից ձգտելով հարաբերություններ կարգավորելու Թուրքիայի հետ: Ըստ նրա՝ թեեւ երկու գործընթացներն առանձին են, սակայն փոխկապակցված են կամ անուղղակիորեն հարաբերվում են միմյանց հետ:
Անկարան չի ձեռնարկի որեւէ քայլ, որն Ադրբեջանը կդիտարկի ընդդեմ իր շահերի
Նա կարեւորում է հայ-թուրքական գործընթացում Բաքվի դերը, որն, ըստ վերլուծաբանի, հաջողությամբ արդեն մեկ անգամ տապալել է հարաբերությունների կարգավորման ավելի վաղ փորձը: Հայ-թուրքական վերջին հանդիպումից հետո Ադրբեջանն անսպասելիորեն փակեց Թուրքիայի հետ միակ ցամաքային սահմանը համաճարակի պատճառաբանությամբ: «Այս քայլը միտված է նյարդայնացնելու Անկարային, որը կշարունակի զգուշություն ցուցաբերել եւ չի ձեռնարկի որեւէ քայլ, որը Ադրբեջանը կարող է դիտարկել ընդդեմ իր շահերի»,- գրում է նա:
Ըստ Կիրակոսյանի՝ հայ-թուրքական երկխոսության հաջողությանը սպառնում է նաեւ Մոսկվան: Նրա կարծիքով այսօրվա մեկուսացված Ռուսաստանից եկող սպառնալիքը բխում է Մոսկվայի ցանկությունից՝ սահմանափակելու իր հարեւանների «ինքնուրույն ընտրության» իրավունքը: Վճռականություն ցուցաբերելու եւ իր ազդեցության գոտին վերահաստատելու նպատակով Ռուսաստանը կարող է փոխել իր դիրքորոշումը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում, թեեւ դեռեւս չկան նման նախանշաններ, պնդում է վերլուծաբանը՝ ընդգծելով. «Մոսկվան հսկայական լծակներ ունի եւ միանգամայն ունակ է կա՛մ օգնելու, կա՛մ վնասելու գործընթացին»։
Միայն բազմակողմանի լուծումը խաղաղություն կբերի Հարավային Կովկասին
Հայ-թուրքական երկխոսության հարցում Մոսկվայի ունեցած լծակների ու գործընթացի վրա զգալի ազդեցության հետ համակարծիք է նաեւ Մայքլ Ռուբինը: Ըստ նրա՝ ԱՄՆ-ը տարածաշրջանում Վաշինգտոնի դիրքերն ամրապնդելու համար պիտի ուժեղացնի ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ ցույց տալու համար, որ Ռուսաստանը չի կարող պարտադրել լուծում: «Բազմակողմանի լուծումը միակ լուծումն է եւ միակ երաշխիքը, որն իսկապես խաղաղություն կբերի Հարավային Կովկասին»,- համոզված է Ռուբինը։
Ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ Վաշինգտոնն ու Բրյուսելն անվերապահորեն աջակցում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: ԱՄՆ պետքարտուղարությունն «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանն ի պատասխան ընդգծել է, որ երկխոսությունը դրական կազդի ողջ տարածաշրջանի վրա անվտանգության եւ տնտեսական զարգացման տեսանկյունից:
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը եւս կարեւորել է երկխոսությունը՝ ողջունելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի անունից «ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ նորմալացման գործընթացն առաջ մղելու ջանքերը»: