Երեխաները, անկախ հաշմանդամություն կամ սովորելու դժվարություններ ունենալու հանգամանքից, դպրոցն ավարտելուց հետո որոշակի դերակատարություն ունեն հասարակության կյանքում, եւ նրանց ընդգրկվածությունը հանրակրթական խաղախմբերում կամ մսուրներում, որոնց հաջորդում են միջնակարգ դպրոցն ու քոլեջը, լավագույն նախապատրաստությունն է ինտեգրված կյանքի համար: Հաշմանդամություն ունեցող երեխաներն ունեն նույն խմբին պատկանելու նույնպիսի իրավունք, ինչ մյուսները:
2014 թվականի դեկտեմբերի 1-ին ուժը կորցրած ճանաչվեց «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքը: Այդ փոփոխությամբ ՀՀ-ն հռչակեց ներառական կրթությունը որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունք: Մինչեւ 2025 թվականը Հայաստանում բոլոր հանրակրթական դպրոցներում կրթության կազմակերպումը կլինի ներառական: Չնայած գաղափարի դրական նպատակներին՝ այն իրականում մարտահրավերներով լի ճանապարհ բացեց կրթական համակարգի համար, որը մինչեւ 2025 թվականը հաղթահարել հազիվ թե հաջողվի:
«Ալիք Մեդիա»-ն փորձեց պարզել, թե որոնք են այդ մարտահրավերներն, ու ինչպես են դրանք հաղթահարվում:
Արեւիկ Խուգեյանն արդեն երեք տարի է դպրոցներում աշխատում է որպես վերապատրաստող մենթոր եւ ներառական համատեքստում իրականացնում է վերապատրաստումներ, որպեսզի ուսուցիչները կարողանան ներառական կրթությունը ճիշտ իրականացնել դասարաններում:
«Այս տարիների ընթացքում շատ են եղել խոչընդոտներ: Ներառական կրթության համակարգի գլխավոր երեք մարտահրավերներն են դպրոցի ֆիզիկական միջավայրի հարմարեցումը, ուսուցիչների վերապատրաստումն ու զարգացման խնդիր չունեցող երեխաների ծնողների վերաբերմունքը»,- ասում է Խուգեյանը:
Շատ դպրոցներ հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող երեխաներին:
Ներառական համակարգը ներդնելիս որոշում կայացվեց, որ ծնողը պետք է ընտրի, թե որ դպրոց հաճախի իր երեխան:
Հիմա ունենք դեպքեր, երբ տեսալսողական կամ հենաշարժողական խնդիր ունեցող երեխան հաճախում է հանրակրթական դպրոց, որը հարմարեցված չէ նրան:
Եթե անգամ կան թեքահարթակներ, դրանք միայն դպրոցի մուտքի մոտ են: Երեխան չի կարողանում այլ հարկեր բարձրանալ կամ օգտվել սանհանգույցից: Այս դեպքերում հենաշարժողական խնդիր ունեցող երեխայի դասարանը տեղափոխվում է առաջին հարկ: Սակայն ներառական կրթության համակարգը պետք է հարմարեցվի երեխային, ոչ թե հակառակը:
Շատ դպրոցներ չունեն տեսալսողական խանգարումներ ունեցող երեխաներին անհրաժեշտ բրայլյան դասագրքեր, տետրեր եւ լսողական սարքեր: Տիֆլոմանկավարժներն ու սուրդոմանկավարժները գործում են ոչ թե դպրոցներում, այլ միայն տարածքային մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոններում:
Ուսուցիչների պատրաստվածությունը, խնդիրների գիտակցման մակարդակը նույնպես խոչընդոտներ են առաջացնում ներառականացման գործընթացում, որովհետեւ շատ հաճախ նրանք չգիտեն ինչպես աշխատել երեխայի հետ:
Օրինակ՝ որոշ հանրակրթական դպրոցներում, որտեղ սովորում են տեսողական խանգարումներ ունեցող աշակերտներ, չկան բրայլյան համակարգին տիրապետող ուսուցիչներ:
«Ես նման երեխաներից վախենում եմ ու չեմ կարող նրանց հետ աշխատել»,- մեջբերում է ուսուցչի խոսքերը Խուգեյանը եւ կարծում, որ հենց սրանից էլ սկսվում են դժվարությունները:
Հանրապետությունում գործող մենթորական ծրագիրը, որն իրականացվում է արդեն երրորդ տարին, ուսուցիչներին հիսուներկուժամյա վերապատրաստում, ապա շարունակական աջակցություն է տրամադրում:
Սոցիալական հոգեբան Գերասիմ Հարությունյանը կարծում է, որ կարճաժամկետ վերապատրաստումները չեն օգնում ուսուցիչներին, որովհետեւ սովորական եւ հատուկ մանկավարժների գործառույթները տարբեր են: Շատ հաճախ ուսուցիչները վարքային խանգարում ունեցող երեխաների հանդեպ ավելի զիջող են, հանդուրժող, ինչը խոչընդոտում, անգամ զրոյացնում է սոցիալական հոգեբանի աշխատանքը:
«Նրանք դեսոցիալականացնում են երեխաներին՝ չհասկանալով ինչպես վերահսկել: Ուսուցիչը պետք է հասկանա, որ հենց դպրոցում իրենց շնորհիվ է աուտիստիկ սպեկտոր ունեցող երեխան սոցիալականացվում»,- ասում է Գերասիմ Հարությունյանը:
Նա նաեւ վստահ է, որ ներառականացմանը հնարավոր է նպաստել միայն ուղեկցող մասնագետների (տյուտորների) շնորհիվ, որովհետեւ զարգացման խնդիր ունեցող երեխան առանց մասնագետի ավելի հաճախ խանգարում է իր համադասարանցիներին:
Ըստ «Հանրակրթության մասին» օրենքի՝ դպրոցը յուրաքանչյուր 150 աշակերտի մեկ ուղեկցող մասնագետ է տրամադրում: Անհատական ուղեկցող մասնագետ վարձելը բավականին թանկ է, թեեւ ծնողներն ամեն կերպ փորձում են լուծել այդ խնդիրը: Անգամ իրենք են վերապատրաստվում եւ որպես մասնագետ իրենց երեխային ուղեկցում դպրոցում:
Ներառական կրթությունը բախվում է ոչ միայն կազմակերպչական խնդիրների, այլեւ ծնողների դժգոհություններին, քանի որ նրանցից շատերի համար ընդունելի չէ հատուկ կարիքներով երեխաների ընդգրկումը հանրակրթական դպրոցներում: Ճիշտ գիտակցության ձեւավորումը տվյալ հարցում թերեւս նույնչափ կարեւոր է, որքան օրենսդրական եւ կազմակերպչական փոփոխությունները:
Ծնողները մտավախություն ունեն, որ իրենց երեխաների նկատմամբ ագրեսիա կդրսեւորվի, կխաթարվի նրանց ուսումնական գործընթացը: Գերասիմ Հարությունյանը կարծում է, որ սա իրազեկվածության պակասի հետեւանք է, սակայն իրավիճակը բարելավվում է:
Այսպիսով՝ ներառականացումը մեր դպրոցներում դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: Քանի որ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի լինելու հասարակության լիիրավ անդամ, թե՛ պետությունը, թե՛ մենք պարտավորվում ենք պայմաններ ստեղծել այդ իրավունքը իրացնելու համար: