Գերմանիայի Ձախ կուսակցությունից Բունդեսթագի (խորհրդարանի) պատգամավոր Սեւիմ Դագդելենը չինական Global Times պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինային ավելի ու ավելի ծանր զինատեսակի մատակարարումների ավելացումը, ինչպես նաեւ ուկրաինացի զինվորական անձնակազմի պատրաստումը մեծացնում են երրորդ աշխարհամարտի սկսվելու վտանգը:
Պատգամավորը նշել է, որ նման անհանգստություններ է հայտնում Գերմանիայի բնակչության երկու երրորդը: «Այնպես որ մենք բնավ միակը չենք, ում անհանգստացնում է այդ հարցը»,- շարունակել է Դագդելենը:
Նրա կարծիքով, Մեծ Բրիտանիան եւ Միացյալ Նահանգներն ուկրաինական հակամարտությունում հույսը դնում են ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանելու վրա՝ ձգտելով մարտական գործողությունների ձգձգմամբ ուժասպառ անելու Ռուսաստանին:
«Նպատակը Ռուսաստանին երկար ժամանակով թուլացնելն է: Հանուն դրա Արեւմուտքը պատրաստ է զոհաբերելու տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր, մարդկանց պատճառելու անվերջանալի տառապանքներ եւ ավերման ենթարկելու Ուկրաինան»,- հավելել է պատգամավորը:
Ըստ նրա՝ որքան երկար տեւի հակամարտությունն Ուկրաինայում, այնքան լուրջ կլինեն դրա հետեւանքներն ամբողջ աշխարհի համար:
«Անհրաժեշտ է լուրջ դիվանագիտական ջանքեր գործադրել այդ խնդիրը բանակցությունների միջոցով կարգավորելու համար»,- ամփոփել է Դագդելենը: