Մոսկվայում հուլիսի 17-ին բերման են ենթարկել, ապա ազատ արձակել ռուսաստանյան Առաջին հեռուստաալիքի նախկին աշխատակցուհի Մարինա Օվսյաննիկովային, որը մարտին «Վրեմյա» հաղորդաշարի ուղիղ եթերում հակապատերազմական բողոքի ակցիա էր անցկացրել։ Մի քանի օր առաջ էլ Օվսյաննիկովան ակցիա էր իրականացրել Կրեմլի հետնապատկերին՝ պարզելով «Պուտինը մարդասպան է, նրա զինվորները՝ ֆաշիստներ» գրությամբ պաստառ եւ Ուկրաինայում սպանված երեխաների լուսանկարներ։
Օվսյաննիկովան ասել է, որ իրեն մեղադրում են ռուսական բանակը վարկաբեկելու համար։ Սա վարչական իրավախախտում է, որի համար նախատեսված է տուգանք։ Նրան սպառնում է նաեւ մինչեւ 10 տարվա ազատազրկում:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի Առաջին հեռուստաալիքի խմբագիր Մարինա Օվսյաննիկովային դիվանագիտական պաշտպանություն եւ Ֆրանսիայում ապաստան առաջարկելու պատրաստակամության մասին։ Լրագրողին աջակցել է նաեւ ՄԱԿ-ը՝ Ռուսաստանի իշխանություններին կոչ անելով կնոջը բռնաճնշումների չենթարկելու։
Մարտի 14-ին Առաջին ալիքի երեկոյան լրատվական ծրագրի ուղիղ եթերի ժամանակ Օվսյաննիկովան հակապատերազմական գրություններով պաստառով եւ «Դադարեցրե՛ք պատերազմը» կոչերով մտել էր ստուդիա։ Ակցիան տեւել է մի քանի վարկյան։ Նրան, սակայն, դատել են ակցիայից առաջ տեսագրված տեսանյութի համար, որում նա ռուսաստանցիներին կոչ է անում չվախենալու եւ դուրս գալու բողոքի ակցիաների։
Նշանավոր արձակագիր, Կրեմլի քննադատ Վիկտոր Շենդերովիչը ֆեյսբուքյան գրառման մեջ չէր բացառել, որ սա քաղաքական պատմություն է:
«Խմբագիր Մարինա Օվսյաննիկովան կարծես թե իր կարճ, նախօրոք գրած տեքստն էր արտասանում։ Տեքստը ձեւակերպված էր չափազանց հստակ՝ մի շարք շատ դիպուկ քաղաքական մեսիջներով, օրինակ՝ պատերազմի համար միայն Պուտինն է մեղավոր»,- նշել էր Շենդերովիչը եւ ենթադրել, որ Կրեմլի ներսում կան Պուտինից դժգոհ մարդիկ եւ երազում են նրան հեռացնելու մասին, ու Օվսյաննիկովայի խիզախ արարքն էլ ինչ-որ ծրագրի մաս է։ «Ամեն դեպքում պետք է պայքարենք, որ Օվսյաննիկովային չձերբակալեն»,- գրել է Կրեմլի քննադատը։