Անցած շաբաթ աշխարհում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը գերազանցել է 6,5 միլիոնը, ինչը 0,7 %-ով ավելի է, քան նախորդ նույն ժամանակամիջոցում:
Եվրոպայում շարունակվում է հիվանդացության հերթական վերելքը: Այժմ ամենաբարձր ցուցանիշները Գերմանիայում են, որտեղ օրական արձանագրում են ավելի քան 140 հազար դեպք: Ֆրանսիայում դիտվում է ոչ մեծ նվազում. քովիդ են արձանագրում 120 հազար բնակիչների շրջանում: Այդ նույն մակարդակում են ցուցանիշները նաեւ Իտալիայում:
Լատինական Ամերիկայի երկրներում վարակի տարածման տեմպերը հաջողվել է կայունացնել: Մասնավորապես, Մեքսիկայում անցյալ շաբաթ արձանագրել են օրական շուրջ 30 հազար հիվանդացած: Ամենաբարձր ցուցանիշները Բրազիլիայում են, որտեղ քովիդ են ախտորոշում մոտավորապես 70 հազար մարդու մոտ: Այդ մակարդակում հիվանդացությունն այնտեղ պահպանվում է արդեն երեք շաբաթ:
Կոլումբիայում յոթ օրվա ցուցանիշներն աճել են 10 %-ով: Այնտեղ օրական հայտնաբերում են շուրջ 3500 դեպք: Չիլիում նկատվում է ցուցանիշների գրեթե 20 %-ով նազում: Ճապոնիայում վերջին օրերին արդեն արձանագրվել է ավելի քան 100 հազար հիվանդացած, ինչն ամենաբարձր ցուցանիշներից մեկն է համավարակի ամբողջ ժամանակամիջոցում:
Կտրուկ թռիչք է նկատվել նաեւ Հարավային Կորեայում, որտեղ արդեն օրական արձանագրում են ախտահարման 40 հազար դեպք: Հնդկաստանում աճը դադարել է. երկրում երկրորդ շաբաթն է, ինչ քովիդով հիվանդացել է շուրջ 20 հազար բնակիչ:
Արձանագրվել է կորոնավիրուսի պատճառով մահացության կտրուկ թռիչք: Վերջին յոթ օրում աշխարհում մահացել է մեկուկես անգամ ավելի մարդ, քան նախորդ յոթ օրերին: Աշխարհում մահացությամբ առաջին տեղում է դեռ ԱՄՆ-ը, որտեղ յոթ օրում արձանագրվել է շուրջ 1700 մահացու դեպք. նախորդ շաբաթվա համեմատությամբ աճը կազմում է 10 %:
Մահացությունը 30–50 %-ով աճել է Եվրոպայի երկրներում, որտեղ նշվում են նոր բռնկումներ: Այսպես, Իսպանիայում, Իտալիայում եւ Գերմանիայում օրական մահանում է 110–120 մարդ, այն պարագայում, երբ ամռան սկզբին մահվան դեպքերը չորս անգամ պակաս էին: