ՌԴ ՊՆ-ն հուլիսի 18-ին առաջին անգամ պաշտոնապես հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների առաջին հրամանատար Ռուստամ Մուրադովն այժմ Ուկրաինայում է, որտեղ ղեկավարում է կռվող երեք խմբավորումներից մեկը։ Այն, որ Ուկրաինայում մարտական գործողություններին մասնակցող «Արեւելք» խմբավորման հրամանատարը Ռուստամ Մուրադովն է, նախկինում չէր հաղորդվում։
Ըստ Ռուսաստանի ռազմական գերատեսչության՝ «Արեւելք» խմբավորման հրամանատար Ռուստամ Մուրադովը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հրամանատարական կետում զեկուցել է ընթացիկ իրավիճակի եւ խմբավորման պատասխանատվության գոտում հակառակորդի ջախջախմանն ուղղված մարտական առաջադրանքների կատարման մասին։
Մուրադովը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական զորախումբը ղեկավարել է շուրջ 10 ամիս՝ 2020-ի նոյեմբերի 11-ից մինչեւ 2021-ի սեպտեմբերի 9-ը։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Արեւելք» խմբավորման տեսչական ստուգման ժամանակ հրամայել է ոչնչացնել հրթիռային եւ հրետանային մեծ հեռավորության համակարգերը, որոնց օգնությամբ Ուկրաինայի զինված ուժերը հարվածում են ռուսական զորքերին:
Սերգեյ Շոյգուն տեսչական ստուգում է անցկացրել նաեւ ռուսական «Հարավ» եւ «Կենտրոն» խմբավորումներում, որոնք ղեկավարում են բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը եւ գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը: