Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է որոնի Ուկրաինայի իրադրության խաղաղ կարգավորման ուղիներ, այլ ոչ թե զբաղվի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մշակմամբ: Նա հավելել է, որ Ուկրաինայում ռազմական իրադրությունը վատթարանում է, մինչդեռ խաղաղություն հաստատելու փոխարեն Բրյուսելը զբաղված է պատժամիջոցների հերթական փաթեթով:
«Խաղաղությունը միակ լուծումն է, որի շնորհիվ հետագայում կկանխվեն մարդկային զոհերը, կվերացվի ռազմական գնաճի խնդիրը, կհաղթահարվի էներգամատակարարման լիակատար անորոշությունն, ու կվերացվեն պարենի մատակարարման դժվարությունները»,- նշել է Հունգարիայի նախարարն իր եվրոպացի պաշտոնակիցների հետ հանդիպումից առաջ:
ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները Բրյուսելի խորհրդակցությունում կքննարկեն Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցները՝ ներառյալ ոսկու ներմուծման արգելքը, եւ Կիեւին 500 միլիոն եվրոյի չափով լրացուցիչ ռազմական օգնություն ցույց տալու հարցերը: Կքննարկվի նաեւ ծովային ուղով Ուկրաինայից հացահատիկի դուրսբերման շուրջ ՄԱԿ-ի մասնակցությամբ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների ընթացքը Ստամբուլում: