Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի հատուկ գործողությունն Ուկրաինայում կավարտվի, երբ իրագործվեն բոլոր նպատակները: Ըստ նրա՝ գլխավորը արդյունավետությունն է, եւ դրա համար հստակ ժամկետներ չկան: Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է, որ ՌԴ զինված ուժերը հստակ հրահանգ ունեն խուսափելու քաղաքացիական ենթակառուցվածքները վնասելուց եւ քաղաքացիական զոհերից։
«Հետեւաբար զինված ուժերն աշխատում են շատ զգույշ՝ օգտագործելով բարձր ճշգրտության զինատեսակներ՝ բացառելով քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ցանկացած հարված, ինչը, ցավոք, չի կարելի ասել ուկրաինական կողմի մասին»,- հայտարարել է Պեսկովը։
Ավելի վաղ Ուկրաինայի ռազմավարական հաղորդակցությունների եւ տեղեկատվական անվտանգության կենտրոնը հայտնել էր, որ ռուսական ներխուժման հետեւանքով շուրջ 800 հազար ուկրաինացի կորցրել է ավելի քան 15 միլիոն քառակուսի մետր կացարանը։
Դեռեւս ապրիլին Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն արձանագրել է Չեռնիգովի, Խարկովի եւ Կիեւի շրջանների գրավյալ տարածքներում քաղաքացիական անձանց նկատմամբ ռուսական ռազմական ուժերի մի շարք օրինախախտության դեպքեր:
Մայիսի սկզբին ՄԱԿ-ի հրապարակած տվյալներով՝ Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր մոտ 3300 խաղաղ բնակիչ է զոհվել, մոտ 3500-ը՝ վիրավորվել։ 231 զոհվածները մինչեւ 18 տարեկան են։ Սպանված 73 երեխաների մարմիններն այնպիսի վիճակում են եղել, որ անգամ նրանց սեռը չի հաջողվել հստակեցնել։