Հուլիսի 17-ին 19-րդ անգամ հայտնի դարձան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հաղթող ֆիլմերը: Փառատոնի շրջանակում ֆիլմերը ներկայացված էին մի քանի անվանակարգերում:
«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի անդամները նախքան հաղթող ֆիլմերի անունները հայտարարելը նշել են, որ ֆիլմի տեւողությունը կապ չունի հաջողության հետ: Ժյուրիին խորապես տպավորել էր Ահմադ Սալեհի «Գիշեր» ֆիլմը:
«Արծաթե ծիրան» մրցանակի է արժանացել ռեժիսորներ Մարիտա Տեւձաձեի եւ Անա Զեգնարաձեի «Մեռածները կհասկանան» ֆիլմը: Գլխավոր՝ «Ոսկե ծիրան» մրցանակի է արժանացել Մոհամադռեզա Ֆարզդիի «Ենթագումարներ» ֆիլմը:
«Այս աշխարհում կան մարդիկ, որ ստեղծում են խաղաղության անկյուններ: «Ոսկե ծիրանի» մրցանակները նման մարդկանց են գնում»,- նշել է «Կորիզ» անվանակարգի ժյուրիի անդամ Նարինե Աբգարյանը:
Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակը շնորհվել է Համբարձում Համբարձումյանին՝ «Կորեական դելիկատես» ֆիլմի համար:
ՖԻՊՐԵՍԻ մրցանակի է արժանացել ռեժիսոր Մահմուդ Ղաֆարիի «Խնձորի օրը» ֆիլմը: Ժյուրին առանձնակի նշել է իրանական կինոարտադրության մշակույթի ու առանձնահատկությունների մասին, որոնց հավատարիմ էր մնացել ֆիլմը:
«Խնձորի օրը» արժանացել է նաեւ «Արծաթե ծիրանի»՝ «Տարածաշրջանային համայնապատկեր» անվանակարգում: Ներկայացված ֆիլմերից ժյուրիին տպավորել էր «Ռոժեք» ֆիլմը, որը պատմում է ահաբեկչության խնդրի ու ժամանակակից աշխարհի այլ մարտահրավերների մասին: Գլխավոր մրցանակն այս անվանակարգում «Արեւ» ֆիլմի հեղինակներինն էր՝ կինոյի ժամանակակից լեզվի եւ հումորի հաջող համադրության համար:
Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ Թերի Ջորջը շնորհակալություն է հայտնել երեւանցիներին ջերմ ընդունելության համար, ինչպես նաեւ փառատոնի հիմնադիրներին եւ ժյուրիի մյուս անդամներին՝ իրեն նոր գաղափարներով տոգորելու համար:
Արտիստիկ լեզվի կարողության, ժամանակի հանդեպ հարգանքի եւ ժամանակների միջեւ հարաբերությունների յուրօրինակ կերտման համար հատուկ հիշատակման արժանացավ Սիրիլ Շեյբլինի «Խմորում» ֆիլմը: «Արծաթե ծիրանը» շնորհվեց «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ռեժիսոր Իննա Սահակյանին, իսկ «Ոսկե ծիրանը»՝ Լի Ժույծյունին՝ «Հող էիր՝ հող դարձար» ֆիլմի համար:
«Հիացած եմ այս ժողովրդով, որ այդքան հոյակապ են, այդքան ցավ ունենալով վերապրում են ու կարողանում հիշողությունը վերաիմաստավորել արվեստի միջոցով: Այս ֆիլմը հիշողության եւ ճշմարտության մասին է»,- «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի մասին խոսելիս նշել է միջազգային մրցույթի ժյուրիի անդամ Օրուան Իրաբիան:
«Դժվար որոշման առջեւ էինք, բայց մի ֆիլմ խորապես հուզեց բոլորիս` երկու մերժված անձանց հասարակությունների մասին ֆիլմը, որը ցույց է տալիս մեզ նրանց ներքին գեղեցկությունը, աշխատասիրությունը: Այս փառատոնի համար պատիվ է ունենալ նման ֆիլմ»,- «Հող էիր՝ հող դարձար» ֆիլմի մասին նշեց ժյուրիի նախագահ, ամերիկացի օսկարակիր կինոգործիչ Թերի Ջորջը:
Որպես մարդասիրական ֆիլմ՝ հատուկ մրցանակի է արժանացել Ուկրաինայի փախստականների մասին պատմող «Բեկորներով հավաքած տունը» ֆիլմը: Իսկ փառատոնի փակմանը ցուցադրվեց Կարին Հովհաննիսյանի՝ 44-օրյա պատերազմի մասին «Չտեսնված հանրապետություն» ֆիլմը. երբ Արցախի չճանաչված հանրապետությունում պատերազմ է բռնկվում, գրող եւ լուսանկարիչ Լիկա Զաքարյանը ապաստան է գտնում եւ սկսում գրել։ Նա դեռ չգիտի, որ իր օրագիրը 44-օրյա Արցախյան պատերազմի մի ամբողջական եւ բազմաշերտ պատմագրություն է դառնալու։
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։