Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանը եւ Եվրամիությունը հուլիսի 18-ին Բաքվում «Ռազմավարական էներգետիկ համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ հանդիպումից հետո Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ սա ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված արդեն երրորդ նման փաստաթուղթն է։ Ըստ Ալիեւի՝ Ադրբեջանի նախաձեռնած էներգետիկ նախագծերն ամբողջությամբ փոխել են Եվրոպայի էներգետիկ քարտեզը։
«Այսօրվա հուշագիրը ճանապարհային քարտեզ է ապագայի համար: Հուսով ենք՝ Ադրբեջանն ու ԵՄ-ն առաջիկա ամիսներին կավարտեն աշխատանքը նոր երկկողմանի համաձայնագրի վրա»,- ասել է Ալիեւը։ Նա հավելել է, որ Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ հուսալի համագործակցությունը մեծ արժեք է, իսկ էներգետիկ երկխոսությունն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ:
Եվրահանձնաժողովի ղեկավարն իր հերթին նշել է, որ Ադրբեջանը մեծ ներուժ ունի էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտում։