Ծովի մակերեւույթից 1850 մետր բարձրության վրա գտնվող Գոմք գյուղում չգիտեն՝ շոգն ինչ է: Թեեւ ձմեռը երկար է, բայց եղանակային պայմանները բարենպաստ են թե՛ անասնապահության ու մեղվաբուծության, թե՛ գյուղական զբոսաշրջության զարգացման համար: Վերջին մի քանի տարիներին գյուղն արագորեն սկսել է ոչ միայն ճանաչվել, այլեւ զբոսաշրջային սիրված ուղղություն դառնալ:
Փոքրիկ Շվեյցարիա դառնալու երազանքով են ապրում սահմանամերձ գյուղում: Վայոց ձորի Զառիթափ, նախորդ տարվանից էլ՝ Վայք համայնքի բնակավայր դարձած գյուղում բնակիչները քիչ են, նպատակները՝ շատ: Սահմանամերձ Գոմքում կրակոցներ չկան, բայց բնակիչները զգոն են: Հենց անծանոթ մարդ է մտնում գյուղ, զանգում են գյուղապետին, թե ճշտեք՝ ով էր, ինչու է եկել:
Գոմքն ադրբեջանաբնակ էր. 1988-ին ադրբեջանական շուրջ 220 տնտեսություն հեռացել է, փոխարենը Գոմք են տեղափոխվել Բաքվի եւ Կիրովաբադի (Գանձակ) հայերը: Սկզբում դժվար է եղել՝ նոր միջավայր, նոր խնդիրներ:
Գրետա Նազարյանի ընտանիքը 1988-ին է Կիրովաբադից Գոմք եկել, երբ երեխաներից մեկը հինգ տարեկան էր, մյուսը՝ վեց: «Երեխաներս այստեղ սկսեցին մանկապարտեզ հաճախել, մենք էլ աշխատանքի անցանք: Ամուսինս անասնապահությամբ էր զբաղվում, ես կթվորուհի էի»,- պատմում է Գրետան, որ վերջերս էլ գյուղի գրադարանավարն էր:
Ռաիսան, որ հիմա համայնքապետարանում է աշխատում, նույնպես Կիրովաբադից է Գոմք եկել: 2.5 տարեկան է եղել, բայց ծնողների պատմածները հիշում է՝ սկզբում հեշտ չի եղել:
Գոմքի նախկին համայնքապետ Միրան Մարգարյանը հարեւան Զառիթափ գյուղից է: Երբ հայերը Գոմք են տեղափոխվել, ինքն էլ գնացել է այնտեղ եւ անցել աշխատանքի, 1996-ից էլ զբաղեցրել է համայնքապետի պաշտոնը:
«Նոր եկած որոշ ընտանիքներ կարճ ժամանակ անց տեղափոխվեցին Գոմքից՝ պայմաններին չհարմարվելով: Շաբաթ-կիրակի հանգիստ էին ուզում, դժվար էր բացատրելը, որ անասնապահության մեջ հանգստյան օրեր չկան: Կամաց-կամաց հարմարվեցին»,- հիշում է Միրան Մարգարյանը:
Գոմքն իր հիմնական ռեսուրսներն այսօր օգտագործում է էկոգյուղ դառնալու համար: Այստեղ է անցկացվել Հայաստանի առաջին էկոփառատոնը: Գյուղի ենթակառուցվածքներն էլ հերթով նորոգվում են՝ բնակավայրն առավել հարմարավետ ու գրավիչ դարձնելու համար:
Փոքրիկ Շվեյցարիա դառնալու երազանքի ուղին գյուղ տանող մոտ 12 կմ քանդված ճանապարհն է կտրում: Այն վերանորոգելու նախընտրական դասական խոստումը գոմքեցիներն էլ անգիր գիտեն:
Տարբեր տարիներին թեկնածուները եկել են, հայտնի հայտարարությունն արել ու մոռացել բնակավայրի մասին՝ մինչեւ հաջորդ ընտրություններ: Նախկին համայնքապետն ասում է՝ գալիս են, սարեցիներին սարեր խոստանում ու գնում: Գործող վարչական ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը, սակայն, դրական է տրամադրված: Ասում է՝ նախագծային աշխատանքներ են սկսվել:
Նախկին ու ներկա գյուղապետները Գոմքի ապագայի մասին էլ հակասական կարծիքներ ունեն: Մարգարյանն ասում է՝ գյուղը ծերացող է, Հովհաննիսյանը հույս ունի՝ կերիտասարդանա:
Այդ հույսով է նաեւ կառուցվում գյուղի դպրոցը, որ շահագործման պետք է հանձնվի այս տարեվերջին: Թեեւ գործող դպրոցում 30 աշակերտ է սովորում, բայց նորը 100 աշակերտի համար է:
Վարչական ղեկավարը, որ 2012-ից մինչեւ համայնքի խոշորացումը Գոմքի գյուղապետն էր, ժպիտով է հիշում պաշտոնավարման առաջին տարիները:
Գյուղի տարեկան մոտ 5 մլն դրամ բյուջեն բավականացրել է միայն աշխատավարձերին։ Սկսել են համագործակցել միջազգային հասարակական ու բնապահպանական տարբեր կառույցների հետ, եւ գյուղում ամեն տարի մոտ 80 մլն դրամի աշխատանք է կատարվել:
Այս տարիներին նաեւ գյուղացիների մտածողությունն ու տրամադրվածությունն է փոխվել: Գյուղի մի քանի հյուրատների սեփականատերերին օգնում են՝ հյուրերին դիմավորելու, Գոմքն իր ամենագեղեցիկ անկյուններից ցուցադրելու: Հովհաննիսյանն ասում է՝ բնակիչներն էլ են հասկացել, որ լավագույն գովազդը գյուղի հյուրերն են անում, ու ինչքան շատ գովազդեն, այնքան այցելուները շատ կլինեն, գյուղացու կյանքն էլ կթեթեւանա:
Թե հյուրերն էլ շատ լինեն, կեցավայրի կարիք շատ կլինի, ու գուցե մի օր գյուղի ընտանիքների մեծամասնությունն իր հյուրատունն ունենա: Ռաիսայի ընտանիքն էլ մտադրված է նման մի գործ սկսել: Որոշել են հաջորդ տարի տարածք ձեռք բերել, հյուրատուն կառուցել:
Վարչական ղեկավարն ասում է՝ ընտանիքներ են դիմում Գոմքում սեփականություն ձեռք բերելու եւ բնակության տեղափոխվելու համար: Եթե գյուղն այս տեմպով առաջընթաց գրանցի, հինգ տարուց Գոմքում մեկ տան արժեքը 20 հազար դոլար կդառնա՝ ներկայիս հինգ հազարի փոխարեն:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: