Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ երկրորդ ամիսն անընդմեջ Վրաստանում էլեկտրաէներգիայի արտահանման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել։
Էլեկտրաէներգիայի շուկայի օպերատորի (ESCO) տվյալներով՝ 2022-ի հունիսին Վրաստանից արտահանվել է ռեկորդային ծավալի՝ 352,2 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը գրեթե 80%-ով ավելի է նախորդ տարվա հունիսի ցուցանիշից:
Նախորդ ամսին հիմնական արտահանողները Ադրբեջանն ու Հայաստանն են եղել: Ադրբեջանը Վրաստանից գնել է 296,6 միլիոն կՎտ/ժ, իսկ Հայաստանը՝ 54,6 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։
Արտահանման աճը մեծապես կապված է էլեկտրակայանների արտադրանքի ավելացման հետ։ 2022-ի հունիսին էլեկտրակայանների ընդհանուր արտադրությունը կազմել է 1,48 միլիարդ կՎտ/ժ, ինչը 12,2%-ով ավելի է 2021-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Սա ռեկորդային ցուցանիշ է. Վրաստանը մեկ ամսում երբեւէ այդքան էլեկտրաէներգիա չի արտադրել։
Ի դեպ, արտադրության աճը երկրի ամենամեծ հիդրոէլեկտրակայանի՝ Էնգուրի ՀԷԿ-ի վերականգնմանը զուգընթաց պայմանավորված է ամառային սեզոնին ջրի առատությամբ։
Վրաստանի արտադրանքի ավելի քան 99%-ը ստացվում է հիդրոէներգիայից, իսկ մնացած մասը բաժին է ընկնում ջերմային կայաններին եւ Քարթլիի հողմային էլեկտրակայանին: Սա է հիմնական պատճառը, որ ամառային սեզոնին Վրաստանը կարողանում է էլեկտրաէներգիայի ավելցուկ ունենալ եւ վաճառել:
Հատկանշական է նաեւ, որ այս տարվա հունիսին Վրաստանում սպառումը նվազել է եւ կազմել 1,13 միլիարդ կՎտ/ժ, ինչը 14,2%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, իսկ ներմուծման առումով անցած ամիս Վրաստանը էլեկտրաէներգիա գնելու կարիք չի ունեցել։