Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հուլիսի 19-ին Բաքվում ընդունել է Եվրախորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մակալիստերին։
Ալիեւը հայտարարել է, որ Եվրամիության օրենսդիր մարմնի որոշ ներկայացուցիչների պահվածքն իր համար անընդունելի է։ Նա ասել է, որ նույնիսկ մի քիչ զարմացել է, երբ լսել է, որ Մակալիստերը մտադիր է այցելել Ադրբեջան։
Ալիեւը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի որոշ անդամների դիրքորոշումն իրեն դուր չի գալիս: Նա հավելել է, որ Ադրբեջանի դեմ մեղադրանքներ եւ վիրավորանքներ են հնչել, եւ տարածվել են սուտ տեղեկություններ:
«Ես նույնիսկ մոռացել եմ Եվրախորհրդարանի ընդունած հակաադրբեջանական բանաձեւերի քանակը»,- ասել է Իլհամ Ալիեւը:
Ադրբեջանի նախագահը մատնանշել է վերջին ամիսներին Եվրամիության օրենսդիր մարմնի պատգամավորների ճնշող մեծամասնության ընդունած բանաձեւերից մեկը, որում կառույցը հայկական մշակութային ժառանգությունը միտումնավոր ոչնչացնելու համար դատապարտել եւ կոշտ քննադատել է Ալիեւի վարչակազմին։