Ըստ «Ֆրանսպրես» գործակալության՝ Շվեյցարիան հրաժարվել է երկրի բուժհաստատություններում ուկրաինացի զինվորականներին բուժելուց՝ վկայակոչելով իր չեզոք կարգավիճակը:
Մայիսին կառավարությանը համապատասխան խնդրանքով դիմել է ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոնը, որը համակարգում է Ուկրաինայի զինված ուժերի միջազգային տարհանումը։ Շվեյցարիայի որոշ կանտոններ պատրաստ էին ընդունելու վիրավոր զինծառայողների, սակայն Առողջապահության դաշնային գրասենյակը եւ ԱԳՆ-ն վետո են դրել։
Շվեյցարիայի իշխանությունները վկայակոչել են Ժնեւյան եւ Հաագայի կոնվենցիաները, ըստ որոնց՝ երկրի չեզոք կարգավիճակը պետք է երաշխավորվի, ապաքինված զինվորականներն այլեւս չեն մասնակցի ռազմական գործողություններին։ Ըստ այդ փաստաթղթերի՝ Շվեյցարիան պետք է սահմանափակի բուժվող կամ բուժված զինվորականների տեղաշարժը մինչեւ պատերազմի ավարտը, սակայն երկրի իշխանությունները հայտարարում են, որ չեն կարող երաշխավորել այդ պայմաններին հետեւելը։
Ըստ Tages Anzeiger պարբերականի՝ Շվեյցարիայի կառավարությունը հրաժարվել է նաեւ խաղաղ բնակիչներին բուժելուց, քանի որ դժվարանում է նրանց զատել զինվորականներից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմաթիվ քաղաքացիական անձինք կամավոր են մեկնել ռազմի դաշտ։
Ավելի վաղ ուկրաինական ZN.UA -ին տված հարցազրույցում Շվեյցարիայի նախագահ Իգնացիո Կասիսը նշել էր, որ չեզոքությունը Շվեյցարիայի արտաքին քաղաքականության առաջնային սկզբունքն է։ Նա նշել էր, որ չեզոքությունն անհրաժեշտ է ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից, որպեսզի այն հնարավոր լինի հարմարեցնել որոշակի միջազգային իրավիճակին։
«Սակայն մեր չեզոքությունը չի նշանակում անտարբերություն: Ոչինչ չանելով ագրեսորին նպաստելը չեզոք պահվածք չէ։ Դրա համար էլ Շվեյցարիան միացավ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներին»,- շեշտել էր Շվեյցարիայի նախագահը։