Բրյուսելում մեկնարկել են Եվրամիության անդամակցության հարցով Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի հետ բանակցությունները։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետներ Էդի Ռամայի ու Դիմիտար Կովաչեւսկու հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ երկու երկրների քաղաքացիներն արժանի են դաշինքի անդամակցության։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն էլ երկու երկրների հետ բանակցությունների մեկնարկը որակել է խոշոր առաջընթաց, որը դրական ազդեցություն կունենա ոչ միայն իրենց, այլեւ արեւմտյան Բալկանների եւ Եվրամիության համար:
Հյուսիսային Մակեդոնիան ԵՄ-ի անդամակցության թեկնածուի կարգավիճակ է ստացել 2005-ին, Ալբանիան՝ 2014-ին։ Անդամակցության շուրջ բանակցությունները տեւական ժամանակ շարունակվում են, կողմերը քննարկում են երեք տասնյակից ավելի բարեփոխումներ՝ էկոլոգիայից մինչեւ կոռուպցիայի դեմ պայքար։