ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարության մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը հայտնել է, որ նախարարությունը դիմել է ոստիկանություն` Հատիս լեռան գագաթին իրականացվող հողային աշխատանքները կասեցնելու նպատակով։
«Դիմել ենք, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում միջոցներ ձեռնարկվեն Հատիսի գագաթին հողային աշխատանքները կասեցնելու, եզրակացությունը ուսումնասիրելու եւ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար»,- նշել է Մելիքբեկյանը։
Ավելի վաղ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը հայտնել էր, որ «Քրիստոսի արձանի շինարարությունը մեկնարկելու է պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո միայն, այժմ իրականացվում են ճանապարհների, հոսանքի, գազի, ջրի գծերի անցկացման աշխատանքներ։
Նախարարության խոսնակը պարզաբանել է, որ իրենց դիմումը վերաբերում է լեռան գագաթի վրա, այլ ոչ լանջերին կատարվող աշխատանքներին։