Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուի հետ հանդիպման ընթացքում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ասել է, որ Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը ՀՀ-ի սկզբունքն ու ռազմավարությունն է: Միրզոյանը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ-ն ԵԱՀԿ գործող նախագահի ինստիտուտի հետ կօգտագործի իր գործիքակազմում առկա մեխանիզմները` կառուցողական մթնոլորտի ապահովման եւ համապարփակ խաղաղության համար պայմաններ ստեղծելու համար:
Միրզոյանը խոսել է հայ եւ լեհ ժողովուրդների միջեւ բազմադարյա բարեկամության, ընդհանուր սկզբունքների եւ արժեքների մասին: Նա անդրադարձել է Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին։
«Հայ-լեհական տնտեսական փոխգործակցության ակտիվացման համար հեռանկարային ոլորտներ ենք համարում տեղեկատվական տեխնոլոգիաները, դեղագործությունը, ագրոբիզնեսը եւ վերականգնվող էներգետիկան»,- նշել է ՀՀ արտգործնախարարը:
Հայաստանի եւ Լեհաստանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։ Քննարկումների առանցքում են եղել տարածաշրջանային կայունության եւ անվտանգության մի շարք հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ շրջանակում համագործակցությանը, որտեղ այժմ նախագահում է Լեհաստանը։
Ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության առանցքային դերը
Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը ԼՂ հակամարտության համապարփակ եւ տեւական կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործում: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Լեհաստանի արտգործնախարարին ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների շուրջ։
Միրզոյանն արձանագրել է, որ հակառակ Հայաստանի գործադրած ջանքերին՝ Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ եւ առավելապաշտական հայտարարությունները, որոնք ուղղված են տարածաշրջանային կայունության եւ խաղաղության խաթարմանը։ ՀՀ արտգործնախարարը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց՝ նրանց օգտագործելով որպես քաղաքական շահարկումների գործիք։
«Այս կապակցությամբ կարեւոր է մարդու իրավունքներին եւ մարդասիրության սկզբունքներին հավատարիմ միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ նախագահության շարունակական աջակցությունը այս խնդրի լուծման համար»,- շեշտել է Միրզոյանը:
Նախարարն անընդունելի է համարել նաեւ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացմանը, պղծմանը եւ ինքնության խեղաթյուրմանն ուղղված Ադրբեջանի ղեկավարության որդեգրած քաղաքականությունը։