ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ հուլիսի 19-ին պաշտոնական այցով Վարշավա մեկնած ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Լեհաստանի Սենատի նախագահ Տոմաշ Գրոձկիին է ներկայացրել Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը, Արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրները։
Նախարարը նաեւ ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը։
«Հումանիտար խնդիրների համատեքստում Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման եւ հայրենադարձման, ինչպես նաեւ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Նախարարը նշել է, որ Ադրբեջանի առավելապաշտական հռետորաբանությունը խաթարում է տարածաշրջանային կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։
Ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների սեղանի շուրջ:
Լեհաստանի Սեյմի նախագահ Տոմաշ Գրոձկին խաղաղության հասնելու ջանքերին աջակցելու պատրաստակամություն է հայտնել։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Լեհաստանի Սեյմի նախագահ Էլժբետա Վիտեկի հետ հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարարը ներկայացրել է հայկական կողմի ջանքերը՝ Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության հաստատմանը միտված գործընթացների առաջմղման ուղղությամբ:
Միրզոյանը կրկին անդրադարձել էր 44-օրյա պատերազմի հետեւանքով Ադրբեջանում պահվող ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հայրենադարձման, բռնի անհետացածների ճակատագրերի բացահայտման, Ադրբեջանի կողմից ԼՂ–ում միտումնավոր կերպով հումանիտար խնդիրներ ստեղծելու հարցերին: