Թեհրանում հուլիսի 19-ին տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Հայտարարության հիմնական դրույթներն են. ա) ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան մերժում են Սիրիայի նկատմամբ բոլոր միակողմանի պատժամիջոցները, բ) սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի, գ) ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան հավատարիմ են մնում Սիրիայի տարածքային ամբողջականությանն ու միասնականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը, դ) ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան դատապարտում են Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների աճող ներկայությունն ու գործունեությունը, ինչպես նաեւ երկրում ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ ինքնակառավարման ապօրինի նախաձեռնությունները:
Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահները որոշել են հաջորդ եռակողմ գագաթնաժողովն անցկացնել ՌԴ-ում: Նախագահները պայմանավորվել են եռակողմ ձեւաչափն ընդլայնել` այն չսահմանափակելով սիրիական թեմայով: