Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը պարզաբանում է տարածել իր հայտարարությունից հետո, որը հայ հանրության շրջանում հարցերի տեղիք էր տվել, մասնավորապես՝ որն է կապի կամավորներ հավաքագրելու անհրաժեշտությունը։
«Օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կայքում տեղադրվել էր «Հաղորդագրություն ԱՄՆ քաղաքացիների համար» վերտառությամբ հրապարակումը, որով դեսպանությունը փնտրում էր համայնքի հետ կապի կամավորներ:
Ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանությունները պարբերաբար հավաքագրում են համայնքի հետ կապի կամավորների, որոնք օգնում են տեղեկությունների փոխանցման եւ այլ երկրում բնակվող կամ ճանապարհորդող ԱՄՆ քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում։ Սա հյուպատոսական ծառայությունների առօրյա աշխատանքի մաս է»,- ասված է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ավելի վաղ տարածած հայտարարությունում նշվում է, որ կամավորների են հավաքագրում արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, էվակուացնելու եւ վնասվածքների մասին հաղորդումներ տալու համար։
Ըստ հայտարարության՝ համայնքային կապի կամավորից պահանջվում է հասանելի դարձնել ԱՄՆ քաղաքացիների համար վարչական տեղեկատվությունները, ինֆորմացիա տրամադրել նաեւ նրանց թաղամասերում կատարվող իրադարձությունների վերաբերյալ, արտակարգ իրավիճակներում օգնել անհետ կորած ամերիկացիներին կամ այցելել ԱՄՆ քաղաքացիներին բանտում, հիվանդանոցում եւ այլն։
Կամավորների աշխատանքի էությունը
Համայնքային կամավորները տարածքում բնակվող ԱՄՆ քաղաքացիների հեռախոսահամարների եւ հասցեների (ներառյալ էլփոստի հասցեների) ցուցակ են պատրաստում, թարմացնում եւ պահպանում:
Նրանք աջակցում են ԱՄՆ դեսպանատան Ամերիկայի քաղաքացիների սպասարկման բաժնին հավաքման վայրերի եւ շարժման ուղիների ընտրության հարցում: Կամավորները կարող են նաեւ կատարել որոշ գործառույթներ դեսպանատան անունից՝ օգնելու դժվարության մեջ գտնվող ամերիկացիներին:
Դիցուք, եթե հյուպատոսական բաժինը հաղորդում է ստանում մայրաքաղաքից հեռու ամերիկացու վիրավորման մասին, հյուպատոսական բաժինը կարող է տարածքում գտնվող կամավորին խնդրել այցելել հիվանդանոցում գտնվող վիրավորին եւ զեկուցել նրա վիճակի մասին: