Երբ տարիներ առաջ Ասլանյանների ընտանիքը որոշեց Վայքից տեղափոխվել Վայոց ձորի սահմանամերձ Գոմք եւ գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագիր մշակել, ոչ ոք չէր հավատում, թե կհաջողի: Կարեն Ասլանյանը զինվորական ծառայության տարիներին եղել էր Գոմքում, հավանել գյուղի բնությունն ու որոշել այնտեղ ամառանոց գնել: Մի օր էլ հասկացել են, որ ուզում են մշտական բնակության տեղափոխվել եւ հյուրեր ընդունել:
Գյուղական փոքրիկ տուն են գնել ու վերանորոգել՝ հիմնելով «Բենսոն» հյուրատունը: «Բոլորը կասկածանքով էին լսում մեր գաղափարը: Գյուղացիներն ասում էին՝ այստեղից բոլորը տեղափոխվում են, նույնիսկ հայ հյուրեր չեն գալիս, ուր մնաց՝ արտերկրից գան»,- պատմում է հյուրատան սեփականատեր Մերի Ասլանյանն ու հիշում, որ Գոմքում առաջին տարիներին իրենց «խենթ» են անվանել:
Որպեսզի կեցավայրից բացի հյուրերին նաեւ զբաղմունք առաջարկեն, ձիավարությունն են ավելացրել մատուցվող ծառայությունների ցանկում: «Առաջին տարում ընդամենը մեկ ձի ունեինք: Երբ հյուրերը շատ էին լինում, վարձակալում էինք նաեւ գյուղացիների ձիերը, իրենք էլ հաճախ միանում, ուղեկցում էին զբոսաշրջիկներին»,- հիշում է Կարեն Ասլանյանը:
Տարիների ընթացքում ձիերն ավելացել են, հիմա 33-ն են: Հյուրերը կարող են նաեւ ձիավարել սովորել, ձիաբուժության դասերի, հետո էլ՝ դեպի Գոմքի լիճ ձիարշավին մասնակցել:
Հանգստյան գոտու հիմնադիրներին ոգեւորում է, որ իրենց հաջողված փորձը նաեւ գոմքեցիներին է հավատով լցրել: «Թեեւ սկզբում կասկածանքով էին վերաբերվում, բայց երբ տեսան, որ մեզ հաջողվում է, ու տարեցտարի Գոմք եկող զբոսաշրջիկների թիվն ավելանում է, իրենք էլ սկսեցին մտածել գյուղական զբոսաշրջությամբ զբաղվելու մասին: Շատերն իրենց տների սենյակներից մեկը վերանորոգում ու վարձով են տալիս հյուրերին»,- ասում է Մերի Ասլանյանը:
Գյուղացիներից էլ կաթնամթերք, մսամթերք ու բանջարեղեն են գնում, միայն բնական սնունդ են մատուցում:
Գոմքում հյուրատուն է հիմնադրել նաեւ մի հույն ընտանիք: Հանգստի նպատակով «Բենսոն» են գնացել ու այնքան հավանել վայոցձորյան բնությունը, որ որոշել են իրենց փոքրիկ գործը սկսել Հայաստանում: Երիտասարդ հայ ընտանիքներ եւս Գոմքում սեփականություն ձեռք բերելու պատրաստակամություն են հայտնում:
Ցանկությունից բացի գյուղի բնակիչների թիվն ավելացնելու գործնական քայլեր ձեռնարկելու համար մի ճանապարհ կա՝ ուշադրություն դարձնել սահմանին, ասում է Կարեն Ասլանյանը: «Գյուղացին չպետք է ստիպված լինի միաժամանակ մի քանի բանով զբաղվել: Օրինակ՝ կաթնամթերք է արտադրում, չպետք է գործը թողնի ու գնորդի փնտրի, վաճառի: Ամեն ինչ խառնվում է իրար: Պետությունն ու մասնավոր ընկերությունները գյուղացու ապրանքը պետք է գնեն, որ ինքը ժամանակ չկորցնի: Որպեսզի մարդիկ չձգտեն Երեւան գնալու, պետք է գյուղերում պայմաններ ստեղծվեն, ճանապարհը վերանորոգվի: Հայաստանը սկսվում է սահմանից. ինչքան շատ մարդ ապրի այնտեղ, այնքան ամուր կլինի»:
Համավարակը չի շրջանցել նաեւ «Բենսոնը»: Արտերկրից զբոսաշրջիկներ չեն եղել, փոխարենը ակտիվացել է տեղացի հյուրերի հոսքը: Համավարակը, սակայն, հյուրատան հիմնադիրների կարծիքով, ամենամեծ փորձությունը չի եղել: Երկրի անվտանգային վիճակն էական ազդեցություն է ունենում զբոսաշրջության զարգացման վրա:
«Պետության աջակցությունն այն կլինի, որ երկիրը խաղաղ ու անվտանգ լինի: Այստեղ գալու համար հյուրերն անցնում են, օրինակ, Երասխով, Արենիով: Ոչ ոք չի ուզում գնալ այն ճանապարհով, որի ուղղությամբ կրակում են: Միայն խաղաղություն է պետք»,- ասում է Կարեն Ասլանյանը:
Ամիսներ առաջ «Բենսոն» բնակության եւ աշխատանքում օգնելու են տեղափոխվել հայր ու որդի Բաբայանները: Արցախի Մարտակերտի շրջանում են ապրել, Հայաստան են վերադարձել պատերազմից հետո: 57-ամյա Մխիթար Բաբայանն ու 16-ամյա Էրիկը հիմնականում ձիերի խնամքով են զբաղվում: Էրիկի սիրելի ձին Լիզեթն է:
Տղային այնքան են դուր եկել Գոմքն ու հանգստյան գոտու գաղափարը, որ մտադիր է իր հյուրատունը հիմնադրել, ձիեր պահել եւ գյուղում մշտական բնակության տեղափոխվել:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: