Ըստ ադրբեջանական apa.az գործակալության՝ Ադրբեջանի կառավարությունը որոշել է քաղաքացիության կամ ամուսնության ակտերի վերականգնման ժամանակ Հայաստանում ծնվածների ծննդավայրերի անուններն այսուհետ գրանցել ադրբեջանական տարբերակներով։
Երկրի կառավարությունը փոփոխել է «Ադրբեջանի ընտանեկան օրենսգրքի կիրառման վերաբերյալ որոշ նորմատիվ իրավական ակտերի հաստատման մասին» թիվ 52 օրենքը եւ լրացումներ արել դրանում: Փոփոխություններն էլ հենց վերաբերում են Հայաստանում ծնվածների փաստաթղթերին։
«Հայաստանի Հանրապետությունում կազմված քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելիս տեղանունները կգրվեն Ադրբեջանի պատմական տեղանուններին համապատասխան՝ հաշվի առնելով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի առաջարկությունները»,– տեղեկացնում է ադրբեջանական գործակալությունը։
Գրանցող ստորաբաժանումները կամ հյուպատոսական վարչությունները քաղաքացիական կացության ակտի վերականգնման մասին տեղեկությունը կուղարկեն գրանցման այն մարմնին, որտեղ պահվում է բնօրինակը: Սակայն այդ տեղեկությունը չի փոխանցվի Հայաստանի Հանրապետությանը, եթե բնօրինակը ՀՀ–ում է. մեր պետությունը նշվում է որպես բացառություն։